Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան

Գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո երեկ՝ հուլիսի 20-ին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան: Պատժի մնացած մասը նա կկրի արդեն հայրենիքում։

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը փոխանցեց, որ ընտանիքը նրան դեռ չի տեսել, բայց տեղյակ են, որ նրան տարել են Նուբարաշենի բանտ։

Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ 2013 թվականի հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։

Ըստ մեղադրանքի, Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չէր սպասարկվել, արգելակները սարքին չէին եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Վթարի պատճառով Հրաչյան ոչ միայն ազատությունից զրկվեց, այլև, աներոջ փոխանցմամբ, լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց: Ըստ Մարտիրոսյանի՝ դրանք անհամատեղելի են բանտային պայմանների հետ․ - «Ստեղ էլ էր «Կամազ» քշում: Աշխատելու ժամանակ ինքը ուներ ողնաշարի վրա գրիժա, որը անընդհատ վնաս ա տվել իրան․ չի կարողանում կզի, չի կարողանում բան անի․․․ ռուսներն էլ իմացել են, թե սիմուլյանտություն ա անում, ու անընդհատ իրան պատժել են: Վթարից հետո իրա սրտի պրոբլեմն ա առաջացել: Դրանից հետո արդեն թևի տակին ուռուցք ա դուրս եկել»:

Ընտանիքն այժմ պատրաստվում է նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրանքը մեկն է՝ Հարությունյանին, որպես դժբախտ հանգամանքների զոհ, ազատել պատժի կրման հետագա մասից․ - «Չենք իմանում էդ չորս տարի, երկու ամսվա մեջ ինչեր ա կատարվել իրա հետ․․․ Ինքը 50 տարեկան մարդ ա, ոնց որ մի 70 տարեկան ըլի»:

Հայաստանի արդարադատության նախարարությանից հայտնում են, որ, Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, Հայաստանի դատարանը պետք է մեղադրանքը համապատասխանեցնի ներքին օրենսդրությանը՝ անփոփոխ թողնելով պատժաչափը։ Միայն դրանից հետո կորոշվի, թե որ քրեկատարողական հիմնարկում պատիժը կկրի Հարությունյանը։

«Ազատության» հետ զրույցում փոխնախարար Վիգեն Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Հարությունյանին զննել են բժիշկները․ - «Կարող եմ հավաստիացնել, որ համապատասխան տեղեկատվության, համապատասխան եզրակացության առկայության դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված անհրաժեշտ քայլերը: Ես չեմ կարծում, որ էս հարցում արժի, որ մենք հիմա առաջ ընկնենք»:

Փոխնախարարը հավելեց․ - «Մոտակա օրերին, ինձ թվում ա, մենք պատկեր կունենանք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի մասին»:

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման գործընթացը ձգձվեց, քանի որ ավտովթարի զոհերից 2-ի հարազատները կրկին դիմել էին դատարան՝ նրանից պահանջելով 1 միլիոն 300 հազար ռուբլի փոխհատուցում: Ըստ Վիկտոր Մարտիրսյանի, այդ գումարը վճարել է մի հայ բարերար, որի անունը ինքը չգիտի։

Հարազատները պատրաստվում են վաղը գրությամբ դիմել քրեակատարողական վարչություն՝ նրան տեսնելու թույլտվություն ստանալու համար։ Փոխնախարարը վստահեցնում է, որ այդ գործընթացը կկազմակերպվի առանց խոչընդոտների։

Այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, որոնք, ինչպես հաղորդում են օմբուդսմենի գրասենյակից, առանձնազրույց են ունեցել Հարությունյանի հետ, ծանոթացել են առողջական վիճակին ու ուսումնասիրել են պահման պայմանները: Խմբի կազմում կա նաև բժիշկ: