Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմամբ ընդամենը պաշտոնականացվեց փաստացի իրողությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, նշեց՝ տեղի ունեցածն ընդամենը տարածաշրջանում վաղուց ձևավորված իրողություններին պաշտոնական տեսք տալն է։

Քաղաքագետի խոսքով՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով սկիզբ է առել դեռևս 90-ականների սկզբներից, և այժմ այդ համագործակցությունը ընդամենը պաշտոնական տեսք է ստանում։

Քաղաքագետը ընդգծեց. - «Ճիշտ է, երկկողմ համաձայնագրերի շրջանակներում միացյալ զորախումբը և, մասնավորապես, ռուսական կողմը պարտավորվում է անվտանգության ծածկոցի տակ առնել ողջ Հայաստանի տարածքը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում դրա նպատակը թուրքական ուղղությունից բխող հիպոթետիկ վտանգի մասին է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հայաստանյան սահմաններին սպառնացող վտանգին, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանն ի վիճակի է այս առումով գնալ լայնամասշտաբ գործողությունների, ինչը կառաջացներ հայ-ռուսական զորախմբի ներգրավման անհրաժեշտությանը»։

Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը վավերացնող օրենքի նախագծին:

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին՝ Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի կողմից։

Բակո Սահակյանի ընտրությունը պետք է ընկալել բացառապես ԼՂ քաղաքական իշխանության և ողջ ժողովրդի համախմբման համատեքստում

Հարցին, թե արդեն 10 տարի պաշտոնավարած Բակո Սահակյանի՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելը չի՞ սպառնում Ղարաբաղում ժողովրդավարության կայացմանը, քաղաքագետը պատասխանեց. - «Դեռևս նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք կար մտայնություն, որ եթե մենք միջազգային հանրության առջև գեղեցիկ ժողովրդավարական ցուցադրություններ կատարենք՝ այդպիսով տարբերվելով Ադրբեջանից, ապա միջազգային հանրությունից ինչ-որ օգուտներ կստանայինք խնդրի կարգավորման առումով։ Այժմ ժամանակները բոլորովին այլ են՝ Ադրբեջանը վերածվել է տիպիկ մերձավորարևելյան ինքնակալական ռեժիմի, և ժողովրդավարության ցուցադրություններ կատարելն այդ համապատկերում բոլորովին տեղին չեն»։

Բակո Սահակյանի ընտրությունը, ըստ քաղաքագետի, պետք է ընկալել բացառապես Ղարաբաղի քաղաքական իշխանության և ողջ ժողովրդի համախմբման համատեքստում, իսկ այդ համախմբումը, հաշվի առնելով Ադրբեջանի այսօրվա կեցվածքը, կենսական անհրաժեշտություն է։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, քաղաքագետը նշեց՝ հասկանալի է, որ Կազանից սկսած կարգավորման որևէ բանակցություն չի ընթանում։

Ըստ Իսկանդարյանի, բանակցություններն այժմ բացառապես միտված են ոչ թե հակամարտությունը կարգավորելուն, այլ՝ հակամարտությունը կառավարելուն՝ լարվածությունը շփման գծում հնարավորինս նվազեցնելու և ավելի լայնամասշտաբ բախումները կանխելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.