Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ, ԵԱՏՄ), ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, զուտ քաղաքական որոշում չի եղել, այլ եղել է քաղաքական որոշում՝ ամրագրված հստակ տնտեսական հաշվարկներով։
«Եթե կան քաղաքական ուժեր, ովքեր ԵՏՄ-ից դուրս գալու կոչեր են անում, ավելի լավ կլինի ոչ թե զգացմունքային հարթության վրա խոսեն, այլ կոնկրետ այլընտրանք առաջարկեն և փաստեր։ Մենք, երբ որ որոշում ենք կայացրել անդամակցել ԵՏՄ-ին, մենք հստակ հաշվարկներ ենք կատարել՝ թե ինչ կշահի մեր գյուղացին, ինչ կշահի մեր ներդրողը, ինչ կշահի տուրիզմը, տնտեսությունը», - երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նշելով, որ Հայաստանը միացել է 170 միլիոնանոց շուկային։
«Մենք ավելացրել ենք 23 տոկոս արտահանումը, որի առյուծի բաժինն արտահանվում է ԵՏՄ երկրներ, մինչև 30 տոկոս ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Մենք չպետք է կատարենք քաղաքական լոկ հայտարարություններ՝ առանց լուրջ հիմնավորումների», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։
Հիշեցնենք, հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը, ըստ որի, արգելվում է Ռուսաստանում օտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանի վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնել։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ օրենքը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին: Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել ԵՏՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ: Մարուքյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։
Նշենք, որ օրերս Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պաշտոնական Մոսկվային առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի անդամ երկրների վրա: