Siemens-ը այլևս սարքավորումներ չի մատակարարի ռուսական՝ պետության կողմից վերահսկվող ընկերություններին

Siemens-ի արտադրած գազային տուրբիններ, արխիվ

Siemens ընկերությունը դադարեցնում է սարքավորումների մատակարարումը ռուսական ընկերություններին, որոնք վերահսկվում են պետության կողմից: Այս մասին ասվում է գերմանական կոնցեռնի հայտարարությունում:

Հաղորդագրության համաձայն՝ Siemens-ը հավաստի տեղեկություններ է ստացել այն մասին, որ չորս գազային տուրբիններ, որոնք 2016 թվականի ամռանը առաքվել են Կրասնոդարի երկրամաս, ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, ինչը պայմանագրի և Եվրամիության կանոնների կոպիտ խախտում է:

Siemens-ը տեղեկացնում է, որ դուրս է գալիս ռուսաստանյան «Ինտերավտոմատիկա» ընկերության հետ համատեղ ձեռնարկությունից: «Ինտերավտոմատիկա»-ն, Reuters լրատվական գործակալության տվյալներով, տուրբինները Ղրիմ տեղափոխած կապալառուներից մեկն էր:

Կրեմլը պնդում է, որ Ղրիմ առաքված տուրբինները ռուսական արտադրության են:

Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների համաձայն՝ արևմտյան ընկերությունները չեն կարող արդյունաբերական սարքավորումներ ներկրել թերակղզի, հակառակ դեպքում սպառնում է տուգանք և այլ լուրջ հետևանքներ ԵՄ այն երկրներում, որտեղ աշխատում են այդ ընկերությունները: