«Թուրքիայի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ իրենց քայլերը կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ»: Բեռլինում մի քանի ժամ առաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Թուրքիայի հարցում մեր քաղաքականությունն այսուհետ պետք է նոր ուղղվածություն ստանա: Նախկինի պես շարունակելն այլևս անհնարին է: Մենք պետք է շատ ավելի հստակ գործենք, որպեսզի Անկարայում գտնվող պաշտոնատար անձինք հասկանան` իրենց վարած քաղաքականությունն անհետևանք մնալ չի կարող», - նաև հայտարարել է Զիգմար Գաբրիելը, հատուկ ընդծելով՝ Անկարայի հանդեպ դիրքորոշման կոշտացման հարցում Գերմանիայի քաղաքական վերնախավում առկա է լիակատար կոնսենսուս»: «Հաշվի առեք հանգամանքը, որ այն ամենն, ինչ այժմ ես ասում եմ, համաձայնեցված է թե՛ դաշնային կանցլեր Մերկելի, և թե՛ [սոցիալ-դեմոկրատների առաջնորդ] Շուլցի հետ»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը:
Պաշտոնական Բեռլինը Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը կարծրացնելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ շաբաթասկզբին Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգեց Amnesty International կազմակերպության` հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: Վերջին երկու օրերին Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն քննարկում էր Թուրքիայի հետ հարաբերություններում ծագած հերթական ճգնաժամը:
Միայն հետևյալ փաստը թերևս բավարար է՝ հասկանալու համար, թե որքան են թեժացել կրքերն Անկարայի և Բեռլինի հարաբերություններում․ այս ճգնաժամի պատճառով Գերմանիայի ԱԳ նախարարը ստիպված էր ընդհատել արձակուրդն ու շտապ վերադառնալ Բեռլին: Ընդհանրապես՝ Զիգմար Գաբրելի այսօրվա հայտարարությունների տոնայնությունն աննախադեպ կոշտ էր: Նա նույնիսկ խորհուրդ տվեց Գերմանիայի քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում զերծ մնալ Թուրքիա այցելելուց:
«Երբեմն կարելի է բախվել ամենաաբսուրդային իրողությունների: Ուղևորվում ես Թուրքիա, որտեղ բազմաթիվ ծանոթներ և ընկերներ ունես, և պարզվում է, որ թուրքական գաղտնի ծառայությունները նրանց կասկածում են Գյուլենի շարժմանն առնչություններ ունենալու մեջ: Եվ հանկարծ դու ինքդ ես վերածվում ահաբեկչությանը սատարող անձնավորության: Այլ կերպ ասած՝ Գերմանիայի միանգամայն անմեղ քաղաքացին այնտեղ կարող է [հանցագործության] մեղսակից համարվել»,- նշել է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով, նման պայմաններում գրեթե անփուսափելի է նաև գերմանական ներդրումների ծավալի նվազումը Թուրքիայում: «Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Գերմանիայի կառավարությունը, կամայական քաղաքական որոշումների պայմաններում, հետագայում ևս երաշխավորել գերմանական ընկերությունների ներդումների առկայությունը Թուրքիայում»,- ասել է Գաբրիելը: Գերմանիայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր շուրջ 6000 գերմանական ընկերություններ են գործում:
Զիգմար Գաբրիելի խոսքով՝ Բեռլինն իր կոշտ մոտեցումը Թուրքիայի հանդեպ կփոխի միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության մեջ հստակ փոփոխություններ նկատի: «Թուրքիայից մեր ակնկալիքներն են` վերադարձ եվրոպական արժեքներին, մամուլի, խոսքի, արվեստի ազատության հանդեպ հարգանքի ցուցաբերում: Մենք համոզված ենք, որ Թուրքիայի հետ լավ և վստահելի հարաբերությունների պահպանումը մեր շահերից է բխում: Դրա հետ մեկտեղ, սակայն, մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մասը դառնա: Բայց ինչպես ասում են` տանգոն միայնակ չեն պարում»,- հայտարարել է Զիգմար Գաբիրելը:
Գերմանիայի արտգործնախարարը, միևնույն ժամանակ, «ազնվորեն խոստովանել է»՝ Էրդողանի վարչակազմն Արևմտյան գործընկերների, մասնավորապես, Բեռլինի հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու ցանկություն, գոնե այս պահին, չի ցուցաբերում: «Ցավոք սրտի, ներկայիս թուրքական կառավարության կողմից ընդառաջելու պատրաստակամության որևէ նշույլ ես չեմ տեսնում: Դա է պատճառը, որ Գերմանիան ստիպված է Թուրքիայի հարցում նոր քաղաքականություն որդեգրել»,- նաև ասել է Զիգմար Գաբրիելը: