Գյուղերում մարդկանց «այդպես էլ չեն բացատրել»՝ ի՞նչ են շահելու խոշորացումից

Համայնքների խոշորացման ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին մնացել է ընդամենը 4 ամիս, մինչդեռ գյուղացիները դժգոհում են՝ այդպես էլ չեն հասկացել, թե բացի բյուջետային միջոցների տնտեսումը, ուրիշ ի՞նչ դրական կողմեր ունի այդ ծրագիրը, կոնկրետ իրենք ի՞նչ են շահելու խոշորացման գործընթացի արդյունքում:

Կառավարության ներկայացուցիչները պարզաբանումների համար դեռ խոշորացման ենթական համայնքներ չեն այցելել: Առանձին տեղական և միջազգային կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ այդ հարցով քննարկումներ են կազմակերպում, որոնց հիմնականում մասնակցում են համայնքների ղեկավարները:

Այսօր Գյումրիում կայացած հերթական քննարկմանը Նոր Կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանն ասաց՝ այս գործընթացը սկսելուց առաջ պետք էր լուրջ ուսումնասիրություն կատարել, քանի որ «ոչ բոլոր համայնքներն է պետք միավորել»: «Պետք չէ հապշտապ որոշումներ կայացնել: Այն համայնքներում, որտեղ կատարվել է խոշորացում, պետք է շատ լուրջ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հասկանանք՝ իրո՞ք խոշորացումն անհրաժեշտ պայման է գյուղերի հետագա զարգացման համար»,- ասաց Նոր Կյանքի համայնքապետը:

Նոյեմբերին, հիշեցնենք, նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղերի միավորմամբ ստեղծել 34 խոշորացված համայնքներ: Անցյալ տարի արդեն իսկ 140 գյուղեր միավորվել են՝ ձևավորելով 18 համայնք: Գործընթացն այն ժամանակ հարուցել էր գյուղացիների դժգոհությունը, որոնք բազմաթիվ բողոքի ակցիաներ իրականացրին: Կառավարությունը, մինչդեռ, պնդում է, թե միավորված գյուղերն ավելի արդյունավետ կկառավարվեն․ կկրճատվեն գյուղապետարանների հաստիքները, կստեղծվեն զարգացման ծրագրեր, կարվեն ներդրումներ:

Նահապետավան համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանի պատկերավորմամբ՝ իշխանությունները թացը չորի հետ են այրում: «Փոքր համայքներ կան, որոնք իրականում ունեն դրա [խոշորացման] կարիքը, որովհետև իրենց ունեցած գումարն էնքան քիչ է, որ չեն կարողանում գյուղի վրա ինչ-որ գործ անեն: Թացը չորի հետ վառվում գնում է էլի, էդ է: Էստեղ քննարկման խնդիր կա»,- ասում է Գոռ Պետրոսյանը:

Գյուղապետերը մատնանշում են Շիրակի մարզի արդեն խոշորացված համայնքների օրինակն ու պնդում՝ գյուղացու կյանքում ոչինչ չի փոխվել: Արա Սուքիասյանն ասում է, որ ինքն այցելել է «խոշորացված Բավրա», լսել գյուղացիներին․ «Ազգաբնակչությունն էնտեղ շատ դժգոհ էր»:

Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանի կարծիքով ևս խոշորացման արդյունքում գյուղը ոչինչ չի շահել: Ասում է՝ միավորված համայնքներից յուրաքանչյուրը պետք է, այնուամենայնիվ, սեփական բյուջեն ունենա: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, կարծում է, որ խոշորացման արդյունքում գյուղերը կհզորանան, համայնքներում ֆինանսական ներդրումներ կլինեն:

«Այսօր, ցավոք սրտի, մենք ունենք համայնքներ, որոնք փոքր են, թույլ են, բյուջե չունեն: Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ համայնքները որոշակի տրամաբանությամբ պետք է խոշորացվեն, ղեկավարումը պետք խոշորացվի: Խոսքը գյուղերը մեխանիկորեն իրար կպցնելու մասին չէ»,- ասաց մարզպետը, հավելելով, որ խոշորացման հիմնական նպատակներն են կառավարման օպտիմալացումը ևներդրումների համար «միջոցներ ազատելը»: