ԵՄ-ը Վարշավային կոչ է անում սառեցնել վիճահարույց օրենքի ընդունումը՝ սպառնալով դիմել պատժամիջոցների

Վարշավայում շարունակվում են բողոքի ակցիաները դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների դեմ: Դատավորների նշանակման կարգի փոփոխությունը առաջարկել է իշխող կուսակցությունը, սակայն ընդդիմությունը պնդում է, որ այդ փոփոխությունները վտանգում են դատավորների անկախությունը և խարխլում ժողովրդավարությունը:

Եվրամիությունը Վարշավային կոչ է արել սառեցնել վիճահարույց օրենքի ընդունումը, նշելով, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Լեհաստանի դատական համակարգի անկախության վրա: Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը այսօր զգուշացրել է, որ Եվրամիությունը կարող է Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել: Մասնավորապես, նա ասել է, որ կարող է կիրառվել Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածը, որով Լեհաստանը կզրկվի քվեարկելու իրավունքից Եվրամիության խորհրդում:

Վարշավայում վերջին օրերին շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները այսօր ևս մնացել են խորհրդարանի շենքի դիմաց:

Խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին՝ ավելի իրական դարձնելով այն վերջնականապես ընդունելու հավանականությունը: