«Սասնա ծռեր» խմբի անդամների 9 փաստաբանները, որպես բողոքի նշան, լքեցին դատարանի դահլիճը, դատավորը դարձյալ սանկցիաներ կիրառեց

արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստի ավարտին փաստաբանները բացակայում էին: Օրվա երկրորդ կեսին դատարանում գտնվող 9 փաստաբանները, որպես բողոքի նշան, լքեցին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, թե դատավորն «ապօրինի գործողություններ է կատարում»՝ իրենց գործընկերներին զրկելով ելույթներ ունենալու հնարավորությունից, իսկ Արայիկ Պապիկյանի ու Մուշեղ Շուշանյանի նկատմամբ էլ կիրառում է «անհարկի սանկցիա»: Փաստաբանների համատեղ հայտարարությունը դատարանում ընթերցեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Այս պայմաններում դատական նիստին մեր ներկայությունը դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է մեր պաշպանյալների շահերին, կոպտորեն խախտվում են նրանց իրավունքները: Դատարանից հեռանալով՝ միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների իրացումը և դադարեցնել վերը նշված ապօրինությունները»,- ընթերցեց Պետրոսյանը, տեղեկացնելով, որ հայտարարության տակ ստորագրել են պաշտպաններ Հայրապետյանը, Ղարագյոզյանը, Վարոսյանը, Ֆանյանը, Գյուրջյանը, Ջուվանովան, Գևորգյանը, Բաղդասարյանը և ինքը՝ Ինեսսա Պետրոսյանը:

Մինչ այդ դատավորը սանկցիա էր կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Վերջիններս կարգադրիչներին չէին թույլատրել խուզարկել իրենց, ինչից հետո զրկվել էին նիստերի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից: Դատարանը որոշել էր Պապիկյանին և Շուշանյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ՝ ծանուցելով, որ նրանք հրաժարվել են զննություն անցնելուց՝ դրանով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ:

Փաստաբանների հեռանալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու ժամով ընդմիջում հայտարարեց՝ այդ ընթացքում խորհրդակցական սենյակում որոշում կայացնելով սանկցիա կիրառել նաև դատարանը լքած 9 փաստաբանների նկատմամբ։ Դատավոր Գաբրիելյանը նաև 10 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Կյուրեղյանը հայտարարել էր, թե «դատարանին չի հարգում»։

Կյուրեղյանին հեռացնելուց հետո մեղադրող դատախազը դատավորին առաջարկեց Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավել՝ նիստերի դահլիճից նրա փաստաբանի հեռանալուց հետո ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար։ Դատավորն ընդունեց այդ առաջարկն ու համապատասխան որոշում կայացրեց։ Փաստաբանների բոյկոտից հետո դատավորը հարց ուղղեց նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալներին՝ արդյո՞ք հանրային պաշտպանի կարիք ունեն։ Վարուժան Ավետիսյանը և մյուսները բացասական պատասխան տվեցին:

Այսօրվա դատական նիստին չէին մասնակցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը․ նրանք հեռացված են նիստերի դահլիճից «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու», մասնավորապես, առանց դատավորի թույլտվության խոսելու համար։

Դատական նիստերի դահլիճը լքած փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտեց, որ գործընկերներ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատարանը «ապօրինի սանկցիա է կիրառել»՝ առանց խորհրդակցական սենյակ գնալու որոշում կայացնելով։

Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանն, ի դեպ, այսօր ևս դատարանում էր: Հիշեցնենք՝ այս գործով մի քանի փաստաբաններ պնդում են, որ հենց Ղազարյանն է իր ենթակաների հետ դատարանի նկուղում ծեծի ենթարկել «Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին՝ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին:

Մինչ դատական նիստի մեկնարկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով փաստաբանների այն պնդումներին, թե ինքը և Արմեն Ղազարյանն իրավունք չունեն ներկա լինել դատարանում, քանի որ Օսիպյանն այս գործով անցնում է որպես տուժող, իսկ Ղազարյանը բռնության հաղորդումների շրջանակներում կասկածյալ է, ասաց․

«Դուք երևի նկատել եք՝ առաջին օրվանից ես ինձ թույլ չեմ տվել՝ գտնվել նիստերի դահլիճում: Իսկ եթե այս պրոցեսը երկար տևի՝ 1 կամ 2 տարի, ուրեմն ի՞նչ, ես այստեղ չպե՞տք է ծառայություն կազմակերպեմ: Ինձ թվում է՝ մեկը մյուսին չի խանգարում, ես այստեղ իմ գործառույթներն եմ իրականացնում»: Օսիպյանը նաև հերքեց փաստաբանների այն պնդումները, թե ինքը կանգնում է նրանց կողքին և լսում խոսակցությունները: «Մեկ դեպք է եղել, ուղղակի արև էր, իրենք էլ էին մեր կողքին կանգնած: Դա ուղղակի իրենց երևակայությունն է»,- ասաց Օսիպյանը:

«Սասնա ծռեր»-ի 14 անդամները, մասնավորապես, «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ ոստիկանության շենքը զավթելու, ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին պատանդ պահելու և գույքի ոչնչացման մեջ։