Լրացավ Սարի թաղի բախումների մեկ տարին

Մեկ տարի առաջ այս օրը թաղամասի էլեկտրականությունը, գազն ու ջրամատակարարումը վերականգնելու պահանջով փողոց դուրս եկած տասը սարիթաղցիներ ճաղերի հետևում են՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Այն հաստատվելու դեպքում ցուցարարներին սպառնում է հինգից տասը տարվա ազատազրկում:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, մեղադրանքի հիմքում բացառապես ոստիկանական ցուցմունքներ են․ - «7-ը տուժող ոստիկան են, մոտ 22 վկա են, որոնցից 18-ը էլի ոստիկան են, 3-ն էլ ուղղակի քաղաքացիներ են, ովքեր ասում էին՝ հա, տեսանք, երիտասարդներ են, գնացել էին էնտեղ: Նույնիսկ ոստիկաններն էլ չեն ասում, որ կոնկրետ սա, սա, սա մեզ քարով խփել ա: Մարդիկ ասում են՝ չենք ճանաչում»:

Այն, որ քարեր նետվել են, մեղադրյալների կանայք հաստատում են, բայց ոչ իրենց ամուսինների ձեռքով: «Էդ քար քցողն էլ ա եղել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որը որ իրան հրահրել են: Իրանց մեջ շատ մարդիկ են եղել, որ իրանք գիտեն: Թող քննեն անաչառ: Տասը հոգու ուզում ես քրեական գործը փաթաթես իրանց վզի՞ն, հինգից տաս տարի՞․․․ Իրանք չեն արել իրանց մեղսագրված արարքը: Ոստիկանին հարի՞ր ա իրան ընտանիք քֆրի, մեր քֆրի․․․» - ասաց մեղադրյալ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Լիպարիտ Սիմոնյանը և Լալա Բեռնեցյանը պնդում են՝ իշխանությունները հաշվեհարդար են տեսնում, կենցաղային հողի վրա սկիզբ առած բողոքի ակցիան անկախ իրենց կամքից քաղաքական հնչեղություն ստացավ:

«Ցույց են տալիս, որ տեսեք, մենք կարող ենք պատժել ձեզ՝ ձեր իրավունքները ինչ-որ կերպ իրացնելու․․․ Էս կոնտեքստում նաև, որ՝ մենք վատ վիճակում ենք գտնվում, ՊՊԾ գունդը գրավված ա, իսկ դուք հելե ձեր գազ, հոսանք, տրանսպորտ եք ասում», - ասաց փաստաբանը:

«Իրանք մտադրված չէին իջել: Մտադրված իջնողը պատրաստված կգնար», - նշեց Բեռնեցյանը:

«Թիրախը էդ խեղճ ընտանիքների տասը հոգին են: Էս օլիգարխների էրեխեքը կարան փողոցի մեջ ատրճանակը պահեն մարդկանց գլխին, կրակեն և չնստեն: Ձեզ կարելի՞ ա, իսկ որ մարդիկ բարձրացնում են իրենց կենցաղային խնդիրները, իրենց չի՞ կարելի: Այս պարագայում ես նայում եմ, որ քաղաքական հետապնդումներ են, որովհետև պարզ էրևում ա, որ թե՛ դատախազը, թե՛ դատավորը տեքստերով շատ սիրուն, որ իրենց հրահանգված ա Բաղրամյան 26-ից․․․», - իր հերթին ասաց կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը:

Հարազատները շուրջ երկու շաբաթ նստացույց էին անում Գլխավոր դատախազության առջև: Անձամբ Արթուր Դավթյանն էր ընդունել ցուցարարներին ու պայման դրել՝ համոզել ամուսիններին ընդունել մեղքը:

«Երբ որ իրենք կասեն՝ այո, մենք մեղավոր ենք, իրենց ազատ կարձակեն», - Դավթյանի բառերը փոխանցեց Լալա Բեռնեցյանը: - «Բայց բացառվում ա տենց բան: Մարդիկ մեղավոր չեն»:

«Ես հենց ի սկզբանե դեմ եմ եղել մեղքը ընդունելուն, քանի որ ոչ մի վստահություն չկա: Խորենացին էլ վերցրեցին իրենց մեղքը, բայց տղաները դատապարտվեցին: Պատկերացրեք․ մեղք վերցնեն ու դատապարտվեն 5-10 տարի», - իր հերթին ասաց Նարինե Ղազարյանը:

Փաստաբանը հավելում է՝ Գլխավոր դատախազից հետո անգամ նախագահի մակարդակով խոսվեց անհիմն կալանավորումների մասին: «Սրանից էլ լավ օրինա՞կ», - հարցնում է Լիպարիտ Սիմոնյանն ու շարունակում․ - «Որևիցե բան չի փոխվել այդ առումով․․․ Անհիմն կալանքի տակ են գտնվում, և տիպային դարձան այն բնորոշումը, որ ազատության մեջ գտնվելով կխուսափեն, կթաքնվեն, կներգործեն վկաների վրա: Այսինքն՝ կգնան, ոստիկանների վրա կներգործեն, որ ինչ-որ ցուցմունք փոխեն»:

Որևէ ոստիկանի Սարի թաղի գործով մեղադրանք չի առաջդրվել՝ չնայած բնակիչների ահազանգերին բռնությունների մասին:

Դատավարությունը մոտ մեկ մասով ընդմիջվել է դատավորի արձակուրդ գնալու պատճառով: