Իշխանությունները փաստաբաններին դիտարկում են թշնամի. իրավապաշտպան

Իշխանությունները փաստաբաններին դիտարկում են թշնամի մի կառույց, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով աղմկահարույց գործերով դատական նիստերի ժամանակ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից Փաստաբանական պալատ ներկայացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին։

«Իշխանությունները փաստաբաններին դիտարկում են թշնամի մի կառույց, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել թշնամական վերաբերմունք, որովհետև նրանք ընդդիմանում են մեղադրող կողմին, նրանք փորձում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքական կամ քաղաքականացված, կամ քաղաքական երանգներ ունեցող գործերին։ Եվ այս դեպքում արդեն փաստաբանը հայտնվում է իշխանությունների թիրախում և շատ ավելի ամուր, քան նույնիսկ ամբաստանյալներից ոմանք։ Դա շատ լավ սկսել է երևալ 2008 թվականից Մարտի 1-ի գործերով և դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում», - ասաց իրավապաշտպանը։

Հայաստանի իշխանավորները, ըստ Հարությունյանի, Սովետական Միության ժառանգներն են։ «Մենք ապրել ենք մի ժամանակաշրջանում, մի երկրում, որտեղ փաստաբանությունը որպես երևույթ ընդհանրապես գոյություն չուներ, դա սովետմիությունն էր, որտեղ հավաքվում էին մի երկու-երեք հոգի, դատ էին անում ու գնդակահարում էին մեկ շաբաթվա ընթացքում։ Այ այդ երկրի ժառանգներն են մեր իշխանավորները, իրենց մտածողությամբ, աշխարհընկալմամբ, իրենց պատկերացումներով»։

Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սեֆիլյանի, Նորքի զինված խմբի գործով փաստաբանների նկատմամբ հալածանքներ են սկսվել։

«Տարբեր պաշտոնատար անձինք, դատարանները փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ են ներկայացնում Փաստաբանների պալատ, էդ դիմումների հիման վրա կարգապահական վարույթներ են հարուցվում։ Այսինքն՝ միտումն ակնհայտ է՝ փորձ է արվում Փաստաբանների պալատի միջոցով փաստաբաններին հետապնդման ենթարկել։ Այսինքն՝ պետական մարմինները Փաստաբանների պալատը փաստաբաններին հալածելու, ճնշելու գործիք են դիտում և որոշել են այդ գործիքի միջոցով փաստաբաններին կարգի հրավիրել», - ասաց Շուշանյանը։