Այսօր Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրություններ են

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Այսօր Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրություններ են։ Համաձայն նոր Սահմանադրության, խորհրդարանն ընտրում է անցումային փուլի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

Նախքան ընտրությունների մեկնարկը նախ ծրագրային ելույթներով հանդես կգան երկու թեկնածուները՝ գործող նախագահ Բակո Սահակյանն ու Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը։ Յուրաքանչյուրը մեկ ժամ ունի ելույթի համար, որից հետո ելույթներ կունենան այն խմբակցությունները, որոնք առաջադրել կամ սատարում են այս թեկնածուներից որևէ մեկին։

Ելույթներից հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ կընտրի։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, ՀՅ Դաշնակցությունը և «Ժողովրդավարություն»-ը սատարում են Բակո Սահակյանի թեկնածությունը։ Ղարաբաղի խորհրդարանում 33 մանդատ կա, պատգամավորներից 29-ը պաշտպանում են Բակո Սահակյանի թեկնածությունը, իսկ Էդուարդ Աղաբեկյանին սատարում են 4 պատգամավորներ՝ երեքը նրա ղեկավարած ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցությունից են, իսկ չորրորդը «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն է։

Ընտրություններից առաջ Բակո Սահակյանը հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն հարցազրույցով հանդես եկավ Էդուարդ Աղաբեկյանը։ Նա մասնավորապես քննադատել է իշխանություններին՝ ասելով, որ Բակո Սահակյանն առաջադրվելու իրավունք չուներ։ Նա այստեղ Սահմանադրության հետ հակասություն է տեսնում։

Աղաբեկյանն ասել է, որ թեև ընտրվելու շանս չունի, սակայն մի շարք հարցեր է բարձրացնելու, մասնավորապես՝ անվտանգության, Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցերը։ Նա նշել է, որ բազմիցս իրենք բարձրաձայնել են բանակում առկա խնդիրների մասին, սակայն իշխանություններն իրենց ասածներին ականջալուր չեն եղել, միայն ապրիլյան պատերազմից հետո են, ըստ ընդդիմադիր գործչի, իշխանությունները հասկացել, որ պետք է բանակում բարեփոխումներ իրականացվեն։

Բակո Սահակյանի աշխատակազմից էլ փոխանցեցին, որ Սահակյանն իր ծրագրային ելույթում կներկայացնի, թե ինչ է լինելու առաջիկա երեք տարիներին։

Նշենք, որ այսօր մոտավորապես ժամը 14։00-ին հայտնի կդառնա Ղարաբաղի նոր նախագահի անունը։