Թրամփը և Պուտինը Համբուրգում երկրորդ հանդիպում էլ են ունեցել՝ «կարճ զրույց» ճաշից հետո

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պաշտոնական հանդիպումը Համբուրգում, 7-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ՝ մասնավոր հանդիպումն են ունեցել Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, որի մասին մինչ օրս չէր հայտարարվել:

Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտնել է, որ նախագահները Համբուրգում «կարճ զրույց» են ունեցել երկրների ղեկավարների համար նախատեսված ճաշից հետո:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Էնթընը հստակ չի նշել, թե որքան է տևել խոսակցությունը, սակայն հայտարարել է, որ այն պատահական էր և չպետք է որակվի որպես «հանդիպում» կամ նույնիսկ որպես պակաս արարողակարգային, սակայն պաշտոնական առանձնազրույց: «Աղանդերի մատուցման ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը չպետք է հանդիպում որակվի», - ասել է Էնթընը:

Մինչդեռ «Եվրասիա Գրուփ» քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը, ով հայտարարում է, որ խոսել է ճաշին ներկա երկու անձանց հետ, այլ պատկեր է ներկայացնում: Նրա խոսքով՝ Թրամփի և Պուտինի զրույցը տևել է մոտ մեկ ժամ, դրան ներկա է եղել միայն Ռուսաստանի նախագահի անձնական թարգմանիչը: Այս հարցի առնչությամբ Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփն օգտվել է Պուտինի թարգմանչի ծառայություններից, քանի որ ճաշին ներկա ամերիկյան կողմի թարգմանիչը ռուսերեն չի խոսել:

Հիշեցնենք, հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: