Ժորժ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ

Երեկ Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:

Կեպենեկյանը Ֆրանսիայի կարևորությամբ երրորդ քաղաքի երեսունհինգերորդ քաղաքապետն է՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժերար Կոլոնին: Վերջինս այժմ Էմանյուել Մակրոնի գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարն է:

Մինչև ընտրվելը Ժորժ Կեպենեկյանը Լիոնի քաղաքապետի առաջին կցորդն էր՝ մշակութային հարցերով: Նա մասնագիտությամբ վիրաբույժ է:

«Ֆիգարո» օրաթերթը նշել է, թե Կեպենեկյանը «կանխորոշված չէր այդ պաշտոնի համար, քանի որ 67 տարեկան է և փորձառու քաղաքական գործիչ չէ»: Ըստ օրաթերթի, Կեպենեկյանի ընտրության հարցում մեծ դեր է ունեցել նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը, ով հայտարարել էր, թե կնախընտրեր քաղաքապետի պաշտոնում տեսնել իր «հավատարիմ բարեկամ Ժորժ Կեպենեկյանին»:

«Ծագումով հայ Ժորժ Կեպենեկյանը, որը ֆրանսերեն սկսել է խոսել հինգ տարեկանից, իր ամենամեծ հաղթանակը տոնել է 1987 թվականի հունիսի 18-ին, երբ Եվրախորհրդարանը Ճանաչել է Հայոց ցեղասպանությունը», - գրել է «Ֆիգարոն»՝ հավելելով, որ այդ ժամանակ Կեպենեկյանը Հայ դատի պաշտպանության հանձնախմբի պատասխանատու էր:

Այդ հանձնախումբն այսօր առանձնահատուկ ջերմությամբ է շնորհավորել Կեպենեկյանին՝ գրելով․ - «Հայտնի վիրաբույժ, բայց նաև մշակույթին մոտ կանգնած մի անձ, համակված այն հանրամատչելի դարձնելու մտահոգությամբ, Ժորժ Կեպենեկյանը եղել է Հայ դատի պաշտպանության աննկուն մարտիկ՝ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի բանաձևից մինչև ՄԱԿ-ի 30-րդ հոդվածը, Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Արցախի պատերազմ, ուր նա մեկնել է՝ վիրահատելու ռմբակոծությունների տակ, Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից, որտեղ մեկնել էր փրկարարների առաջին խմբի կազմում, մինչև 1991 թվականի Հայաստանի անկախացումը, ուր նա գործել է ի նպաստ սոցիալական ապահովության ծառայության ստեղծման: Ժորժ Կեպենեկյանի ընտրությունը Լիոնի քաղաքապետի պաշտոնում հպարտություն է ֆրանսահայ համայնքի համար: Այդ ընտրությունը դրականապես կանդրադառնա Երևանի վրա, որը Լիոնի զուգորդ քաղաքներից մեկն է»: