Վաշինգտոնն ու Մոսկվան մոտ են համաձայնությանը՝ դիվանագիտական առանձնատները վերադարձնելու հարցում

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո երեկ հայտարարել է, թե Վաշինգտոնն ու Մոսկվան մոտ են համաձայնությանը, որով կվերացվի անցած դեկտեմբերին ռուսական դիվանագիտական երկու առանձնատների նկատմամբ սահմանված արգելանքը: «Դուք վերադարձրի՞ք ձեզ պատկանող գույքը», -երեկ ռուս փոխարտգործնախարարից հետաքրքրվել են լրագրողները: «Համարյա, համարյա», - արձագանքել է Սերգեյ Ռյաբկովը:

Պետդեպարտամենտում շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցություններից հետո ամերիկյան կողմը հայտարարությամբ հանդես չի եկել, բարձրաստիճան դիվանագետները ասուլիս չեն հրավիրել:

Նախորդ նախագահի՝ Օբամայի վարչակազմը տարեվերջին կալանք էր դրել Ռուսաստանի դեսպանատան՝ Մերիլենդում և Նյու Յորքում գտնվող երկու սեփականությունների վրա և վտարել 35 ռուս դիվանագետների՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել էր, թե դա «գողություն է՝ օրը ցերեկով»: