Հայաստանի հաջորդ ղեկավարի հարցը որոշվելու է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Արևմուտքում. քաղաքագետ

«Եթե պատկերացնենք, որ գործող նախագահը հայտարարություն աներ, որ 2018-ի ապրիլից հետո դառնալու է վարչապետ, դա մեխանիկորեն հանգեցնելու էր կառավարության քաղաքական հրաժարականին՝ ոչ թե դե յուրե, այլ՝ դե ֆակտո», - այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը։

«Հիմա պատկերացրեք, որ եթե նախագահն ասի, որ գործող վարչապետը չի լինելու ապրիլի 1-ից հետո, դա նշանակում է, որ Հայաստանում ոչ մեկը վարչապետի հանձնարարականներն այլևս չի կատարի», - ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում Հայաստանի նախագահը, ով նաև իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, պատասխանելով հարցին, թե արդյոք 2018 թվականի ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հայտարարել էր. - «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա»։

Ըստ քաղաքագետի, աշխարհում այս հարցը երկու ձևով է որոշվում՝ կա՛մ երկրի ներսում, կա՛մ երկրի դրսում։

«Ոչ-ժողովրդավարական երկրներում այս հարցը լուծվում է իշխող ներքին քաղաքական համակարգի ներսում՝ տիրող մտածելակերպով կամ անդրկուլիսյան բանակցությունների միջոցով, ինքնիշխանություն չունեցող երկրների պարագայում նման հարցերը որոշվում են դրսում», - ասաց Բադալյանը, նշելով՝ Հայաստանի դեպքում այդ հարցը լուծվելու է դրսում։

«Ուղղակի այս պահին չեմ կարող ասել՝ դուրս ասելով հասկանում ենք Ռուսաստա՞նը, թե՞՝ Արևմուտքը», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Ես ենթադրում եմ, որ այս հարցը դեռևս լուծված չէ, և դեռևս պարզ չէ, թե որ կենտրոնն է թելադրելու, որովհետև սրա վրա շատ ուշադրություն չի դարձվում, բայց հաջորդ կարևոր հարցը Հայաստանի արտաքին պարտքն է արևմտյան ֆինանսական կառույցներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.