Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում

Թուրքիա - Գերմանիայի օդուժի Tornado ինքնաթիռը Ինջիրլիք ռազմակայանում, 2016թ․

Թուրք-գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում. օրերս պարզ դարձավ, որ Թուրքիան արգելափակել է նաև գերմանացի պատգամավորների մուտքը Անկարայից մոտ 250 կմ հարավ գտնվող Քոնիայի ռազմակայան, որտեղ տեղակայված մի քանի տասնյակ գերմանացի զինվորները ՆԱՏՕ-ի համատեղ զորախմբում պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

Բունդեսթագի՝ պաշտպանական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը տեղեկացրեց, որ պաշտոնական Անկարան խնդրել է հետաձգել գերմանացի 7 օրենսդիրների նախօրոք ծրագրված այցը՝ որպես պատճառ նշելով երկկողմ հարաբերությունների ոչ այնքան բարենպաստ վիճակը: «Այս պայմաններում ես մեր զինվորների՝ Թուրքիայում մնալու մանդատի երկարաձգումն անհնար եմ համարում», - ասել է Բունդեսթագի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անկարան արգելել էր Բունդեսթագի ներկայացուցիչների մուտքը Ինջիրլիք. ամիսներ շարունակված բանակցություններից հետո, Բեռլինը, ի վերջո, որոշել էր դուրս բերել իր զորախումբն այդ ռազմակայանից: Այժմ գերմանացի պատգամավորները կոչ են անում նույն որոշումը կայացնել նաև Քոնիայի դեպքում:

Կանցլեր Անգելա Մերկելը, չբացառելով այդ սցենարը նախօրեին գերմանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հորդորեց չշտապել: «Այդ ողջ պատմությունը, անկասկած, շատ ցավալի է, սակայն եզրահանգումներ անելուց և վերջնական որոշումներ կայացնելուց առաջ մենք պետք է փորձենք բանակցել և հարցը լուծել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Մեկ բան հստակ է՝ գերմանացի զինվորները ենթարկվում են Բունդեսթագին, և մեր պատգամավորները պետք է նրանց հետ անարգել տեսակցելու իրավունք ունենան», - ասաց Գերմանիայի կանցլերը:

Գերմանական լրատվամիջոցները փաստում են՝ երկկողմ հարաբերությունները սկսեցին լարվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իրավիճակն է՛լ ավելի սրվեց անցած ապրիլին, երբ պաշտոնական Բեռլինն արգելեց թուրք պաշտոնյաներին իր երկրի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել՝ նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի օգտին: Թուրքիայի նախագահն ի պատասխան նրանց ֆաշիստ ու նացիստ որակեց, դրանով, սակայն, ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների վեճը չավարտվեց. Անկարան է՛լ ավելի բորբոքվեց, երբ պարզ դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տվել Էրդողանի տասնյակ ընդդիմախոսների, որոնք հայրենիքում մեղադրվում են անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու համար:

Անգելա Մերկելի հետ զրույցում գերմանացի լրագրողները հետաքրքրվել են՝ գուցե Անկարան արգելափակում է Բունդեսթագի պատգամավորների մուտքը, որպեսզի Բեռլինը արտահանձնի՞ Էրդողանի ընդդիմախոսներին: «Այս երկու հարցերը միմյանց հետո որևէ կապ չունեն», - արձագանքել է Գերմանիայի կանցլերը՝ միաժամանակ ընդգծելով․ - «Եթե դա է թուրքերի պահանջը, մենք, անկասկած, այն մերժելու ենք, այդ հարցով բանակցություններ ընդհանրապես չեն կարող լինել»: