Ամերիկյան ընկերությունը աշխարհի 18 երկրներում կցուցադրի Չալդրանյանի 4 ֆիլմերը

Երեկ՝ կիրակի օրը ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վերջին ֆիլմերը, թեև փակման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել մեկ օր առաջ:

Փառատոնը համախմբել էր կինոարվեստի երկրպագուներին և կինոգործիչներին: «Երբևէ որևէ արվեստագետ մեկուսի չպիտի ապրի ու ստեղծագործի: Փառատոնի պարագայում մենք կարողանում ենք դիտել, տեսնել, ստանալ ինֆորմացիա, հասկանալ աշխարհում ինչ է կատարվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

14-րդ «Ոսկե ծիրանին» Չալդրյանը ներկայացրել էր իր վերջին՝ երկու տարի առաջ նկարահանած «Վարդապետի լռությունը» ֆիլմը: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ֆիլմ հանդիսատեսին ներկայացվելուց հետո արդեն պիտի ինքնուրույն կյանքով ապրի․ - «Մի մեծ թերություն ունեմ, շատ մեծ թերություն: Ես իմ ֆիլմերի պրոդյուսերն եմ, բայց իմ ուժը ներում է միայն ծնունդի: Ծնունդից հետո ես վատ հայր եմ, դաստիարակություն չեմ տալիս, ճանապարհներ չեմ բացում: Որովհետև ես մտածում եմ արդեն հաջորդ ֆիլմի մասին»:

Հայաստանում ցուցադրվելուց հետո ռեժիսորը «Վարդապետի լռությունը» ներկայացրել է ցուցադրության Միացյալ Նահանգներում, որտեղ, Չալդրանյանի խոսքով, շատ ջերմ ընդունելության է արժանացել և ոչ միայն հայկական համայքնի կողմից․ - «Շատ հետաքրքրիր ցուցադրություն էր: Ընդամենը մեկ ամիս հետո ամերիկյան կոնգրեսմեն Ադամ Շիֆը ինձ շնորհեց շատ պատվաբեր, պարտավորեցնող մի կոչում, տիտղոս՝ հայ կինոյի դեսպան, հայ ազգային մշակութային արժեքները աշխարհում տարածող այդ տիտղոսը, որը իր համար շատ մեծ, պատվաբեր բան էր: Բայց ամենամեծ արդյունքը եղավ վերջերս՝ մի 5-6 ամիս առաջ, և այդ գործընթացը շարունակվում է՝ նախադեպը չունեցող մի բան: Ամերիկյան շատ հայտնի դիսթրիբյութեր ընկերությունը՝ «Մերիոն Ադլերը» պայմանագիր է կնքում չորս ֆիլմ վերցնելու 18 տարով ամբողջ աշխարհով մեկ տարածելու: Գլխավորում է այդ ֆիլմերի շարքը «Վարդապետի լռությունը», հաջորդիվ «Լռության սիմֆոնիան», «Ձայն լռության» և «Քրմուհին» ֆիլմերը: Նախադեպը չունեցող բան է, որ մի հեղինակից չորս ֆիլմ գնեն՝ տարածելու համար ամբողջ աշխարհում»:

Չալդրանյանը, սակայն, դժգոհություն հայտնեց, որ Ազգային կինոկենտրոնը «չի կարողանում գլուխ բերել» համապատասխան պայմանագրի ստորագրումը․ - «Դա պիտի արվի շատ արագ: Ես տարբեր օղակներ ահազանգեցի՝ և՛ մշակույթի նախարարին, և՛ վարչապետին, որ մենք խոսում ենք այսօր մշակույթի կապիտալիզացիայի մասին, ձեր ուզածը կատարվել է․․․Պիտի կարողանային շատ կարճ ժամանակում ամբողջ դոկումենտացիան, ամեն ինչը հավաքեին, ուղարկեին: Հիմա թե ինչ էտապում է գործընթացը, անկեղծ ասած՝ ես գիտեմ»:

Վիգեն Չալդնյանը նաև Համազգային թատրոնի ղեկավարն է․ - «Հիմա իմ կյանքը երկփեղկվել է թատրոնի ու կինոյի մեջ: Համազգային թատրոնը դարձավ ինձ համար իմ երկրորդ տունը, իմ ամենամեծ առաքելությունը: Սեպտեմբերին պիտի սկսեմ միանգամից երկու ներկայացում, պիտի կարողանանք ոտքի հանել շատ բաներ, բայց կարող եմ հպարտորեն ասել՝ երկու ամսվա ընթացքում մենք կարողացանք հասնել անհավանական բանի․ այն, ինչի մասին 25 տարի երազում էր և՛ Սոս Սարգսյանը, և՛ թատերախումբը: Շենքի հարցը այսօր լուծված է: Վերջապես կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը: Հենց թատերական ինստիտուտի շարունակությունը: Ես աշխատում եմ ճարտարապետների հետ»:

Վիգեն Չալդրանյանն ասաց, որ աշխատում է մի նոր ֆիլմի սցենարի վրա․ - «2015 թվականի ապրիլի 12-ին տանը նստած, շատ վաղուց ես տենց հպարտություն չէի ապրել, հեռուստացույցով նայում է Հռոմի պապի ձեռամբ [Գրիգոր Նարեկացուն] տիեզերական վարդապետ կարգելու արարողությունը: Ֆիլմի հասունացման պահը հավանաբար հենց դա էր: Եվ չօգտագործել այս առիթը, կարծում եմ, անթույլատրելի է: Գրիգոր Նարեկացի․․․ Եթե ամեն ինչ նորմալ լինի: Հանդիպեցի վարչապետի հետ, մի բան խնդրեցի՝ որ իր պատրոնաժի տակ լինի: Սցենարը գրում եմ Անահիտ Աղասարյանի հետ»: