Պաշտոնական Բաքուն այսօր հայտարարել է, թե չի ընդունում հուլիսի 19-ին Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: «Դրանք խախտում են Ադրբեջանի Սահմանադրությունն ու հարված հասցնում խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ «Ռիա նովոստի»-ի հետ զրույցում պնդել է՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա: «Կոչերը, թե այս հակամարտութունը չունի ռազմական լուծում, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն, պետք է ուղեկցվեն հստակ պահանջով՝ դուրս բերել զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այս հարցում պետք է քաղաքական դիվանագիտական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ խաղաղության պարտադրելու համար»,- ասել է Մամեդյարովը:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի հետ Բրյուսելում ունեցած վերջին հանդիպմանը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ հանդիպումները շատ կարևոր են կարգավորման համար, սակայն չպետք է հանդիպում անցկացնել զուտ հանդիպման համար:
Այսօր ղարաբաղյան խնդրին է անդրադարձել ռուսական «Իզվեստիան», պնդելով, թե Կրեմլը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել առաջնորդությունը խնդրով զբաղվող Մինսկի խմբում: «Ռուսաստանը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման գլխավոր կազմակերպիչը, քանի որ մյուս համանախագահների ջանքերն այս ուղղությամբ արդյունք չեն տվել»,- այսօր գրել է ռուսական պարբերականը՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարության իր աղբյուրներին: Ըստ հրապարակման, Մոսկվան փորձում է Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին բանակցային սեղանի շուրջ նստեցնել մինչև այս տարեվերջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ: Ըստ «Իզվեստիայի», հենց այդ բանակցությունների ժամանակ էլ Կրեմլը կողմերին է ներկայացրել նախագահական մակարդակով հանդիպում կազմակերպելու առաջարկը:
«Այդ հանդիպման կազմակերպմանը միայն մենք ենք մասնակցում, ֆրանսիացիները փորձեցին, սակայն նրանց ջանքերը որևէ օգուտ չտվեցին»,- «Իզվեստիային» ասել է Ռուսաստանի արտգործնախարարության՝ ղարաբաղյան բանակցություններին տեղյակ աղբյուրը հավելելով․ «Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի, հենց դրա շնորհիվ տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»։
Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում կողմերը պետք է ակտիվացնեն շփումները Մոսկվայի հետ: «Պետք չէ վազ տալ տարբեր հարթակներով և խորհրդակցել երկրների հետ, որոնք գտնվում են տարածաշրջանից տասը հազար կիլոմետր հեռավորության վրա: Պետք է մեծացնել կոորդինացիան Մոսկվայի հետ»,- ասել է ՌԴ պետդումայի պաշտոնյան:
Հայաստանի արտգործնախարարությունն, ի դեպ, թերթի հետ զրույցում բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը: «Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից ու հանդիպումներից, հակամարտությունը կարգավորելու միակ ճանապարհը դա է»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հատուկ ընդգծելով, որ հենց Մինսկի խմբում 23 տարի առաջ համանախագահած ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ժամանակին հրադադար հաստատվել:
Պաշտոնական Բաքուն ևս չի մերժել Ռուսաստանի նախաձեռնությամբ նախագահների միջև հանդիպում անցկացնելու՝ Կրեմլի առաջարկը, միաժամանակ, նախապայման առաջադրելով՝ բանակցությունները կկայանան, եթե հստակորեն ձևակերպվի դրանց օրակարգը:
«Եթե նախագահների մակարդակով հանդիպում է կազմակերպվում, կարծում եմ՝ անհրաժեշտ է երաշխավորել, որ քննարկվի համանախագահների առաջարկած կարգավորման ծրագիրն ու դրա իրագործումը: Նախ և առաջ անհրաժեշտ է տեղից շարժել բանակցային գործընթացը և նվազագույնը փուլ առ փուլ դուրս բերել հայկական զորքերը գրավյալ տարածքներից:
Դա տեղահանված անձանց հնարավորություն կտա վերադառնալ իրենց բնակավայրեր: Դրան զուգահեռ էլ կլուծվեն անվտանգության հարցերը, կվերականգնվի հաղորդակցությունը, կաշխատի տնտեսական գործոնը, մարդկանց մոտ վստահություն կառաջանա, և հետզհետե հայերի ու ադրբեջանցիների միջև առկա վիրավորանքն ու կասկածամտությունը կվերանա»,- հարցի առնչությամբ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, հավելելով․ «Հակառակ դեպքում տպավորություն է, թե մեզ կարծես ստիպում են ընդունել ստեղծված իրավիճակը որպես արդեն կայացած փաստ»: