«Թե՛ պետական սահմանի վրա հարձակումը և թե՛ ՊՊԾ-ի գնդի վրա հարձակումը ինձ համար նույն համազորության արժեն: Էլ չեմ ասում հայ սպաների և ենթասպաների սպանությունը, դա անթույլարտելի և դատապարտելի արարք է: Սեփական երկրում մտնել զենքով ՊՊԾ գունդը գրավել, սպաներին սպանել, դա ահաբեկչություն է և անթույլարտելի և դատապարտելի արարք է: Դա իմ քաղաքական գնահատականն է: Թե իրավաբանները, դատարանը ինչպիսի գնահատական կտա, դա թողնում ենք իրավաբաններին և դատական ատյաններին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցություն հայտնող բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկելուց հետո բարձրաձայնել էր ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, հակադարձում է, թե իշխանությունների մեղքով Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, հանրությունն էլ աջակցում էր զինված խմբին, ուստի ՊՊԾ գնդի գրավումը չի կարելի ահաբեկչություն որակել․ - «Եթե իշխանությունները բնականոն ճանապարհով ընտրվել են, իրենց գործունեությունն են իրականացնում ու որոշ սխալ արեն են, ու ինչ-որ մի խումբ գործողություն է անում նրանց դեմ․․․ բնականաբար դա ահաբեկչություն կդիտվեր: Բայց իրականում լրիվ ուրիշ բան է: Ապստամբությո՞ւն է, թե՞ ահաբեկչություն է: Սա որևիցե ձևով չի կարող դիտվել որպես ահաբեկչություն, որովհետև ահաբեկչությունը իր էությամբ ուղղակիորեն զանգվածային մարդասպանության, զանգվածային ահ ու սարսափ տարածելու պրոցես է: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ընդհակառակը՝ զանգվածները եկան և ծափ տվեցին ապստամբներին»:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից ու այլ քաղաքացիներից կազմված «Սասնա ծռեր» զինված խումբը գրավեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը։ Երկու շաբաթով ոստիկանության կարևորագույն բազաներից մեկը գրաված զինված խումբը իր գործողությունը հռչակելով ապստամբություն՝ երկու հիմնական պահանջ էր առաջ քաշել՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ընդդիմադիր «Հիմնադիր խորհրադարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
15 օր տևած դիմակայության ընթացքում զոհվեց երեք ոստիկան, շուրջ 30 զինյալներից շատերը մարմնական վնասվածքներ ստացան։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, զինված խմբի անդամները դիմեցին ծայրահեղ միջոցի՝ զենքի կիրառման, քանի որ ընտրությունների միջոցով երկրում փոփոխություններ տեղի չեն ունենում․ - «Ինչո՞ւ համար նրանք դիմեցին այդ քայլին: Սա շատ կարևոր հարց է, որը, մենք տեսնում ենք, որ հետևություններ չեն արել, և այս վրեժխնդրության մոլուցքով ծեծեն, բռնության ենթարկեն․․․ Հայաստանի վարկը իջնում է ամեն օր: «Սասնա ծռերը» ուզում էին արթնացնել գուցե ժողովրդին ինչ-որ ձևով, ոտքի հանել․․․ հենց ապստամբություն է դա, ինչ որ նրանք փորձում էին անել: Բայց, ինչպես տեսնում եք, Սարի թաղի այդ աննախադեպ բռնությունները, մարդկանց վրա ռումբերի նետումը և այլն, զանգվածային բռնությունները․․․ Դեռևս կարողանում է իշխանությունը ճնշել և թույլ չտալ, որպեսզի մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն»:
Էդուարդ Շարմազանովի կարծիքով, այն փաստը, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով անցած որևէ կուսակցություն չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, և չեղան բողոքի ցույցեր, ցույց է տալիս, որ իշխանությունները իրականացնում են բարեփոխումներ․ - «Մեզ պետք չեն ցնցումներ, մեզ պետք է ուժեղ Հայաստան: Ուժեղ Հայաստանը եղբայրասպանությամբ չի լինում: Ուժեղ Հայաստանը լինում է․․․ մեկը մյուսի հետ նստել և փոխադարձ հանգանքի մթնոլորտում խնդիրները լուծել նորմալ ժողովրդավարական ճանապարհով»:
ՊՊԾ գնդի գրավումից շուրջ մեկ տարի անց՝ անցած ամիս մեկնարկեց զինված խմբի գործով 32 անձանց դատավարությունը: Նրանցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: Գործով ավելի քան 60 մարդ է անցնում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է ոստիկանական տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Խմբի երկու անդամ մեղադրվում է ոստիկանների սպանության մեջ: «Սասնա ծռերի» անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։