«Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ահազանգում է՝ իր պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզննման ենթարկել:
Փաստաբանի փոխանցմամբ, «դատարանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ Արայիկ Խանդոյանը հիմնական հարվածները ստացել է հենց գլխի շրջանում»։
«Քանի որ հենց գլխին են բազմաթիվ հարվածներ հասցրել, մինչև հիմ ասում է՝ «էս ամբողջ կողքս ցավում է»։ Որևէ քայլ չի ձեռնարկվում, թեպետ ես միջնորդել եմ, որ սոնոգրաֆիա անցկացվի, սակայն մինչև հիմա որևէ պատասխան չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը։
Հարցին, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարը մերժե՞լ է առաջարկը, փաստաբանը պատասխանեց՝ ո՛չ մերժել է, ո՛չ էլ բավարարել է։
Նշենք, որ հունիսի 28-ին դատարանի շենքում բռնությունների ենթարկվելուց հետո, «Սասնա ծռեր»-ի 4 անդամներից 3-ը՝ Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը ճանաչվեցին տուժող:
Թեև խմբի անդամների պնդմամբ, իրենց ծեծի են ենթարկել ոստիկանները, սակայն առայսօր հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել:
Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված «Միայնակ Գայլն» արդեն ցուցմունք է տվել:
Փաստաբան Արայիկ Ղարագյոզյանի փոխանցմամբ, նա պատմել է, թե ինչպես են շուրջ երկու տասնյակ ոստիկաններ իրեն ծեծի ենթարկել։
«15-ից 20 ոստիկաններ մտել են ներս և սկսել են նրան ծեծի ենթարկել, իսկ ոստիկանների այն պատճառաբանությունը, իբր Արայիկ Խանդոյանն անկարգություն է արել՝ ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել դռանը, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ իմ պաշտպանյալի մարմնի վրա կան այնպիսի տեղեր, որ ֆիզիկապես, եթե ուզենար առջևից հարվածներ հասցներ չէր կարող հետևը մարմնական վնասվածքներ հասցնել։ Գետնին ընկած է եղել և հարվածներ են հասցրել մեջքին, գլխին՝ քաջատեղյակ լինելով, որ Արայիկ Խանդոյանը միշտ էլ բողոքել է, որ գլխի և մեջքի հատվածներում խնդիրներ ունի։ Սա պարզապես դիտավորյալ կազմակերպված ինչ-որ բռնություն էր դատարանում», - ասաց փաստաբանը։
Հարցին, թե ո՞րն էր նպատակը, Ղարագյոզյանը պատասխանեց. - «Նպատակը երևի վրեժի լուծումն էր, քանի որ մեր պաշտպանյալները ՊՊԾ գունդ էին մտել, այնտեղի աշխատակիցներն այսօր գալիս են դատարան, մեր պաշտպանյալների հետ են շփվում։ Ես զգում եմ ինձ ցույցի ժամանակ, քանի որ մենք ոստիկանական շղթայի մեջ ենք դատական նիստերում: Նույն Վալերի Օսիպյանը ի՞նչ գործ ունի, երբ մենք փաստաբանական գաղտնիք ենք քննարկում մեր կոլեգաների հետ՝ գալիս մեր կողքին կանգնում է, լսում է, թե մենք ինչ ենք խոսում»։
Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը չի կարող ասել, թե կոնկրետ որ ոստիկաններն են Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկել, քանի որ նրան գետնին գցած՝ թիկունքից են հարվածներ հասցրել: Սակայն այդ հանգամանքը, ըստ Ղարագյոզյանի, որևէ խնդիր չի կարող հարուցել բռնություն գործադրած ոստիկաններին հայտնաբերելու համար:
«Բռնություն գործադրող ոստիկանները նրանք են եղել, ովքեր այդ օրը ծառայություն են իրականացրել այնտեղ: Եթե Հատուկ քննչական ծառայությունը ուզենա՝ կբացահայտի: Պարզապես նրանց արդյո՞ք թույլ կտան, որ բացահայտի», - հարցնում է փաստաբանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի մեկ այլ անդամ՝ քրեական գործով տուժող ճանաչված Գագիկ Եղիազարյանը, նույնպես հարցաքննվել է: Նրա պաշտպան Տիգրան Եգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են 10-ից ավելի ոստիկաններ իրեն ծեծի ենթարկել․ շրջապատելով՝ բոլոր կողմերից հարվածներ են հասցրել, ապա գետնին տապալելով, նաև ոտքերով են հարվածել: Փաստաբանի փոխանցմամբ, այդքանով ոստիկանները չեն բավարարվել՝ ձեռնաշղթաներ են հագցրել Գագիկ Եղիազարյանին և այդպես շարունակել ծեծել: Եգորյանի խոսքով, իր պաշտպանյալը նշել է, որ կարող է ճանաչել բռնություն գործադրած ոստիկաններից առնվազն մի քանիսին:
Ի դեպ, ըստ Տիգրան Եգորյանի, Գագիկ Եղիազարյանը պատմել է, որ ոստիկանները բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ ինքն իր դժգոհությունն է հայտնել «Սասնա ծռերի» մյուս անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
«Նրանց ծեծը ավարտվելուց հետո իր գոռգոռոցների կապակցությամբ մոտեցել է այդ փոխգնդապետ Ղազարյանը և հրահանգել է իր խցի դուռն էլ բացել և սկսել են արդեն իրեն ծեծի ենթարկել», - պատմեց փաստաբանը:
Չնայած ծեծի կապակցությամբ մոտ երկու շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել՝ փաստաբան Տիգրան Եգորյանն ընդգծում է՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից անգամ կասկածյալների մոտավոր շրջանակը պարզելու ուղղությամբ գործողություններ չեն կատարվում: Մասնավորապես՝ տուժող ճանաչված «Սասնա ծռերի» անդամների հարցաքննության ժամանակ բռնություն գործադրած ոստիկանների նույնականացման նպատակով քայլեր չեն իրականացվում, մինչդեռ ըստ փաստաբանի՝ արդեն պետք է լինեին կոնկրետ կասկածյալներ, քանի որ նախաքննական մարմինը չէր կարող չիմանալ, թե դատավարության օրը ո՞ր ոստիկաններն են հերթապահություն իրականացրել: