Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը Ճամբարակում քաղաքացու քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու մասին «Ազատության» հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով Վազգեն Ադամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի /500.000 ՀՀ դրամի/ չափով: Դատարանը նաև անփոփոխ է թողել Վազգեն Արարատի Ադամյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին, խափանման միջոցը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանը ապացուցված է համարել մեղադրանքը, որ Ադամյանը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում թիվ 20/24 ընտրական տեղամասում հետևել է Ճամբարակի բնակիչ Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, վերջինիս՝ քվեախցում գտնվելու ժամանակ, քվեախցիկի առաջնամասի վերնամասից ձգվելով, տեսել նրա քվեարկության արդյունքը, որով և խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը: