Պաշտոնավարման ժամկետի ավարտից ինն ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ չի հստակեցնում՝ արդյո՞ք 2018 թվականի ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում Հանրապետական կուսակցության ղեկավարը ընդգծեց՝ ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի թեկնածությունը:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չի, չէ՞։ Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձնակենտրոն իշխանություն չունի։ Եվ կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Եվ մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ որ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է», - ասաց նախագահը։
Այն, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի զբաղեցնելու վարչապետի աթոռը, նախագահ Սարգյսանը խոստացել է դեռ 2014 թվականի ապրիլին՝ սահմանադրական հանրաքվեից առաջ․ - «Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:
Սակայն հանրաքվեից ընդամենը տասն ամիս անց Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում նախագահ Սարգսյանըն այլևս չբացառեց վարչապետ դառնալու տարբերակը․ - «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելի: Ինչո՞ւ: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում, մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին»:
Այս տարվա մարտին էլ նա հայտարարեց՝ չգիտի, թե ապագայում ինչ կարգավիճակ կունենա երկրի անվտանգության ապահովման գործում․ - «Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»:
«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը անդրադաձավ Ադրբեջան ռուսական սպառազինության շարունակվող մատակարարումներին՝ այն բնորոշելով, որպես հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմ․ - «Նախ, ես երբևէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ: Եվ եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան կամ նույնիսկ ինչ-որ մի պաշտոնյա ինչ-որ բաներ է ասում, դա չի նշանակում, որ դա ռուսական կողմի պատասխան է: Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով: Այո, այդ խնդիրը հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան: Բայց, մյուս կողմից էլ, կան հանգամանքներ: Եվ միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են: Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել: Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել: Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պիտի համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ մատակարարումները հիմք չեն, որպեսզի Հայաստանը որոշակիորեն վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նախագահ Սարգսյանը նման տարբերակը «ծայրահեղ վտանգավոր» համարեց․ - «Դա ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ վատ իրավիճակ կարող են ստեղծել: Ոչ թե այդ խոսքերը միայն, այլ իհարկե գործողությունները: Իսկ երբ որ ասում եք վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք: Թուրքիայի՞ հետ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա էնտեղ: Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»:
Դիտարկմանը, թե խոսքը անվտանգության քաղաքականության հարցերի առումով դիվերսիֆիկասնելու մասին է, նախագահ Սարգսյանը հակադարձեց․ - «Այսինքն ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել․․․ Իսկ ինչ է, մենք միայն սևեռված ենք ՀԱ՞ՊԿ-ի վրա, մենք միայն սևեռված ենք Ռուսաստանի՞ վրա, մենք չունե՞նք հարաբերություն ՆԱՏՕ-ի հետ, մենք չունե՞նք հարաբերություն Եվրամիության հետ, մենք չունե՞նք հարաբերություն Եվրամիության անդամների հետ․․․ Ես կարծում եմ, որ այսօր մենք վարում ենք հենց էդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ և համագործակցելով գործընկերների հետ»:
Ըստ նախագահի, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ և հանդիպումը կարող է կայանալ այս աշնանը: