Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Կարծում եմ երկրի զգացմունքների թարգմանիչը դարձա», - գրել է Նիշանյանը: «80 միլիոն բանտարկվածները երազում են փախչել այդ գժանոցից», - նշել է նա՝ ակնարկելով Թուրքիան, որի բնակչությունը մոտ 80 միլիոն է:
2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է: