Փաստաբանը «Սասնա ծռեր»-ի չորս անդամների ծեծի գործով արդար քննություն չի ակնկալում

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում «Սասնա ծռեր» խմբի չորս անդամների ծեծի գործով արդար քննություն չի ակնկալում։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ որևէ ոստիկան այս գործով պատասխանատվության կենթարկվի։

«Եթե իրականում մենք իրավական երկիր լինեինք, դրանք շատ նորմալ պրոցեսներ կլինեին, և անկախ նրանից, թե անձը ամբաստանյալ է, նա կդատապարտվեր այս գործով, թե չէր դատապարտվի, եթե մյուս գործով տուժող էր, ապա կլինեին մեղավոր անձինք, որոնք կենթարկվեին պատասխանատվության։ Բայց ես կարծում եմ, որ ոչ մի դատավարություն էլ չի լինելու, նախաքննության ընթացքում ձգելու են այս գործն այնքան ժամանակ, մինչև որ աղմուկն էլ մի քիչ լռի, որից հետո կարճելու են այդ գործը, որովհետև ես որևէ կերպ չեմ ակնկալում, որ արդար քննություն կլինի և որևէ ոստիկան կենթարկվի պատասխանատվության», - ասաց Փաստաբանը։

Հիշեցնենք` հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստից հետո փաստաբանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

Ոստիկանությունը հերյուրանք որակեց այդ հայտարարությունները, պնդելով թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել»։ Գլխավոր դատախազությունն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ վնասվածքներ են ստացել։ Ծեծի դեպքով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

Ըստ Սահակյանի, ակնհայտ է, որ գործով անցնող ոստիկանները հրահանգ են կատարել։

«Ակնհայտ է, որ այդ ոստիկանները չեն գործել իրենց կամոք և հրահանգ են կատարել։ Սա այն գործը չէ, որ որևէ ոստիկան ինքնուրույն կարողանա ամբաստանյալների նկատմամբ բռնություն գործադրել, ուստի և ես չեմ ակնկալում, որ նրանք կենթարկվեն պատասխանատվության», - ասաց փաստաբանը։

Հարցին, թե երբևէ բարեփոխվելո՞ւ է այս դատական համակարգը, Սահակյանը պատասխանեց. - «Շատ վաղուց արդեն չեմ հավատում դրան, որովհետև մեր երկրում բազմաթիվ անգամներ հայտարարվել է բարեփոխման մասին, բայց խոսքը գնացել է ընդամենը օրենսդրական բարեփոխումների մասին, և երբեք նույնիսկ այդ բարեփոխված օրենքը պրակտիկայում չի կիրառվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ նույնիսկ ամենավատ օրենքը, եթե ինքը գործի, ավելի լավ է, քան թե ամենակատարյալ օրենքը, որը չի գործում։ Տվյալ պարագայում դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում այդ բարեփոխումները որևէ արդյունք չեն տալիս, որովհետև վերջնական հաշվով դրանք չեն կիրառվում։ Ինչ վերաբերում է դատական համակարգում բարեփոխումներին, ապա վերջին շրջանում իհարկե որոշակի դրական տեղաշարժ մենք տեսնում էինք՝ որոշակի նշանակումների իմաստով, նաև այդ նշանակումներով պայմանավորված բազմաթիվ արդարացման դատական ակտեր եղան, սակայն, այդ դատավորները շատ քիչ էին, և այս վերջին իրադարձությունները լուրջ ստվեր նետեցին այդ կես քայլ առաջի վրա և ակնհայտ երևաց, որ մենք չունենք դատարան և մեր դատարանները պատրաստ չեն արդարադատություն իրականացնել, մի քանի դատավոր փոխելով ոչինչ չի փոխվում»։

«Այն, որ «Սասնա ծռեր»-ի գործով ակնհայտ երևում է, որ դատավորն ընդհանրապես արդարադատության իրականացման նույնիսկ նշույլ չի թույլ տալիս, որպեսզի մենք նշմարենք այդ նշույլը, որ արդարադատություն կլինի այս գործով, սա ակնհայտ է, որովհետև ի սկզբանե փաստաբանները լռեցվում են, ի սկզբանե նույնիսկ փաստաբանների իրավունքները խախտվում են։ Այսինքն՝ մենք այս գործով առավել ևս որևէ արդար դատական ակտ չենք ակնկալում», - ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այս դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ.