ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը Թայլանդում Habitat for Humanity ծրագրով տան շինարարության է մասնակցում, 2009թ․

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

92-ամյա Քարթերը և կինը՝ Ռոզալինը Habitat for Humanity բարեգործական ծրագրի մասնակիցներ են: Նախագծի գլխավոր նպատակը կարիքավորների համար տներ կառուցելն է: Այս տարի Կանադայի 150-ամյակի կապակցությամբ ծրագրով երկրում 150 տուն է կառուցվում:

2015 թվականին Ջիմի Քարթերի մոտ մելանոմա է հայտնաբերվել, մեկ տարի անց նա հայտարարել է, որ այլևս բուժման կարիք չունի:

Քարթերի նախագահությունը մասնավորապես աչքի է ընկել մարդու իրավունքների գերակայության քաղաքականությամբ: 2002-ին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար: