Ռուսական սպառազինության մատակարարումը ստեղծեց այն լեգիտիմ մթնոլորտը, որ Ադրբեջանը կարողացավ գնալ ապրիլյան լայնամասշտաբ ագրեսիայի։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Այստեղ, իհարկե, ռուսական ռազմական մատակարարումները շատ մեծ դերակատարություն ունեցան՝ ոչ միայն ռազմատեխնիկական, այլ գուցե նաև, առաջին հերթին, քաղաքական իմաստով։ Ստոկհոլմի Խաղաղության և պատերազմի ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի սպառազինության մոտ 80 տոկոսը վերջին տարիներին մատակարարում է Ռուսաստանը», - ասաց մեկնաբանը։
Հայաստանի իշխանությունները, Բադալյանի համոզմամբ, երեք-չորս տարի շարունակ փաստացի զբաղված էին Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելն արդարացնելով։
«Եթե մենք գիտենք, որ Ռուսաստանը թիվ մեկ մատակարարն է Հայաստանի պատերազմով սպառնացող պետության, ի՞նչ կապ ունի այստեղ՝ Ադրբեջանի նախարարը խոսում է այդ մասին, թե՝ ոչ։ Մենք գիտենք, որ վաճառվում է այդ զենքը, և մեր դաշնակից համարվող պետությունը վաճառում է։ Բացարձակապես որևէ բացատրություն չկա, արհամարհական նույնիսկ ասում են՝ «դե դա բիզնես է»։ Էդ բիզնեսն արժենում է հայ զինվորների կյանք, հայ խաղաղ բնակիչների կյանք, այդ բիզնեսը լրացնում է Ադրբեջանի քաղաքական կշիռը, և դրա հետևանքները մենք տեսել ենք մի քանի տարի շարունակ՝ սկսած 2013-2014 թվականից», - ասաց քաղաքական մեկնաբանը՝ շարունակելով. - «Հայաստանի իշխանությունները երեք-չորս տարի շարունակ փաստացի զբաղված էին արդարացնելով Ռուսաստանի այդ քաղաքականությունը, ասում են՝ դժգոհ են, այդ մասին ասում են Ռուսաստանին, մյուս կողմից ասում են՝ «բիզնես է, դա նրանց գործն է, մենք էլ ենք զենք ստանում Ռուսաստանից»: Դժվար է պատկերացնել առավել ապաքաղաքական դիրքորոշում այդ կարևորագույն խնդրի վերաբերյալ, և այստեղ հասկանալի է ամեն ինչ՝ ոչ մեկը չի ուզում Ռուսաստանի համար որևէ դժգոհություն առաջացնել, ոչ մեկ չի ուզում Ռուսաստանի աչքին երևալ, այսպես ասեմ՝ սևի մեջ վերցված քաղաքական ուժ»։
Հիշեցնենք, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Հայաստանը հիացած չէ այդ գործարքով՝ նշելով, որ «Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել»։
Երեկ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ շուրջ 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն մատակարարելու պայմանագիրն արդեն իրականացվել է 90 տոկոսով:
Հասանովը ընդգծել էր, թե «նաև այդ զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել անցած տարվա ապրիլյան պատերազմում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.