Սամվել Բաբայանը տեղյակ չի եղել, որ 5 հազար եվրոն ապօրինի է․ փաստաբան

«Սամվել Բաբայանը տեղյակ չի եղել, որ 5 հազար եվրոն ապօրինի է», - «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում փող լվանալու մեղադրանքը:

Փաստաբանի փոխանցմամբ, պարզապես Սամվել Բաբայանին գումար են պարտք եղել, և քանի որ թղթադրամների վրա ներկ է եղել, նա մինչև ամբողջական գումարը ընդունելը փորձել է պարզել՝ արդյոք այդ ներկը մաքրել կլինի՞, թե՞՝ ոչ։

«Ինչ վերաբերում է այդ 5 հազար եվրոյին, դա իրականությանը համապատասխանում է, բայց Սամվել Բաբայանը ոչ թե, ինչպես իրեն առաջադրված է մեղադրանքում, փորձել է դրանք մաքրելու միջոցով լվանալ, ամենևին այդ դիտավորությունը չի ունեցել։ Գումար են պարտք եղել, հիմա մեկը մյուսին իր պարտք եղած գումարն է ուղարկում, ես հո չե՞մ հարցնելու՝ «այդ գումարը դու որտեղի՞ց ես ձեռք բերել», ինձ հետաքրքրում է օր առաջ այդ գումարը ստանալը, որն ինձ պարտք են», - ասաց Քալաշյանը։

Հարցին, թե այդ գումարներն այստեղ մշակում անցե՞լ են, փաստաբանը պատասխանեց. - «Մի նմուշ ուղարկել են իրեն, ինքը կասկածել է, թե դա ինչ փող է, ստուգել է տվել, ասել են՝ «դա կեղծ փող չէ», քիմիական վերամշակման ենթարկելու, այսինքն, այդ վրայի ներկը մաքրելու իմաստն այն է եղել, որպեսզի ներկը մաքրվի ու փոխանակելու ժամանակ հնարավորինս քիչ տոկոս մուծի։ Մտածել ա, ասել ա՝ «կարելի է, եթե մաքրվի, նման ձևով իմ գումարը գոնե ստանամ»։

Ճշտող հարցին, թե որքա՞ն գումար են պարտք եղել Սամվել Բաբայանին, Քալաշյանը պատասխանեց. - «5 հազար եվրո։ Ավելի շատ են պարտք եղել, դա մի մասն է եղել»։

Մինչդեռ նշենք, որ գործը քննած Ազգային անվտանգության ծառայության պնդմամբ, Բաբայանը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող իր ծանոթի միջոցով հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման միջոցով դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և հետագայում Հայաստանում շրջանառության մեջ դնելու համար:

ԱԱԾ-ն նշում է, թե Սամվել Բաբայանը ծանոթներից փորձնական ձեռք է բերել 4 հատ թղթադրամ, դրանք այլ անձանց միջոցով փոխանցել քիմիայի ոլորտում գիտելիքներ ունեցող՝ Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանին: Վերջինս էլ իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթից մաքրել է և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

ԱԱԾ-ն պնդում է, թե հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ, Բաբայանը 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5 հազար եվրոյի չափով ներկված թղթադրամներ, որի դիմաց վճարել է 2 հազար 900 ԱՄՆ դոլար: Սակայն գումարները ավտոբուսով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց հետո դրանք ԱԱԾ-ն 2016-ի սեպտեմբերին Երևանում հայտնաբերել և առգրավել է:

Ի դեպ, թեև, ըստ ԱԱԾ-ի, Սամվել Բաբայանը փողերի լվացման գործում ներգրավված է եղել դեռևս 2016-ի սեպտեմբերին, սակայն Բաբայանին, ըստ փաստաբանի, այդ մասին տեղյակ են պահել 2017 թվականի մարտի 22-ին «Իգլա»-ի գործով ձերբակալվելուց որոշ ժամանակ հետո:

«Այդ մասով հարցաքննությունները սկսվել են «Իգլա»-ի գործով ձերբակալվելուց որոշ ժամանակ անց», - ասաց փաստաբանը։

Ի դեպ, «Ազատություն»-ը փորձեց Բուժական գյուղի գյուղապետ Կարեն Գալստյանից պարզել՝ արդյո՞ք փողերի լվացման գործով անցնող Բուժական գյուղի բնակիչ ժորա Զաքարյանը գյուղում հայտնի քիմիկոս է: Պարզվեց՝ Զաքարյանը ոչ թե քիմիայով, այլ անասնապահությամբ է զբաղվում:

Զաքարյան. - Բայց ինքը քիմիկո՞ս է, ի՞նչ քիմիկոս։

«Ազատություն». - Քիմիայից նա հասկանո՞ւմ է, չե՞ք ճանաչում իրեն որպես այդպիսին։

Զաքարյան. - Քիմիկո՞ս, չէի ասի։

«Ազատություն». - Ձեզ համար ծիծաղելի՞ է։

Զաքարյան. - Չէ, ծիծաղելի չէ, տեղյակ չեմ, կարողա...

«Ազատություն». - Ի՞նչ գիտեք Ժորայի մասին, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ է անում։

Զաքարյան. - Գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Կինը դպրոցի ուսուցչուհի է՝ կենսաբանության մասնագետն է, կարո՞ղ է իր կնոջ գիտելիքներ են վերագրել իրեն։

Ի դեպ գյուղապետը նշեց, թե Ժորա Զաքարյանը տանն է, նրան դեռևս անցած տարի էին տարել, հետո ազատ արձակել: Մինչդեռ նկատենք, ըստ ԱԱԾ-ի, Ժորա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Սամվել Բաբայանի կողմից փողերի լվացմանը օժանդակելու համար:

Նշենք, որ փողերի լվացումից բացի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է նաև «Իգլա»-ի հայտնի գործով։

Ըստ մեղադրանքի, նա խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին՝ նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել հիշյալ զինատեսակը:

Մինչդեռ Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյան հակադարձում է՝ իր պաշտպանյալը ընդամենը որպես մասնագետ խորհրդատվություն է տրամադրել:

«Սանասար Գաբրիելյանն ինքն իր ցուցմունքներում գրել է, որ այդ ռազմամթերք ձեռքբերելու նախաձեռնությունն իրենն է եղել, իր գումարներով պետք է վճարումը կատարեր։ Ուղղակի նկարը ցույց է տվել Բաբայանին, որպեսզի նա, որպես մասնագետ, ասի, թե այս զենքը կրակոց արձակելու համար պիտանի է, թե՝ ոչ։ Սամվել Բաբայանը նկարը նայել է, ասել է՝ «այս, այս, այս մասերը չկա, սա ոչ մի բանի պիտանի չէ»։ Հարցրել է, ասել է՝ «կարո՞ղա պետք գան», ասել է՝ «մի՞գուցե մի օր Ղարաբաղի համար կարող է պետք գա։ Եթե դու ցանկանում ես դա հանձնել բանակի, տար էսինչ տեղը պահի, համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացրու թող գան վերցնեն», - ասաց Քալաշյանը։

Ուշագրավ է, որ ըստ ԱԱԾ-ի, գործով ոչ թե մեկ, այլ երկու «Իգլա» է հայտնաբերվել, սակայն ինչպես վստահեցրեց Սամվել Բաբայանի փաստաբանը,2-րդ «Իգլա»-ի մասով իր պաշտպանյալին մեղադրանք չի առաջադրվել:

Հավելենք, որ փողերի լվացման և «Իգլա»-ի գործով մեղադրվում է յոթ անձ: