Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար՝ վստահելի ու լավ գործընկեր, նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ: Նա դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
Հայաստանի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու և խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարևորել սերտ փոխգործակցությունը նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար:
Հայաստանի նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Էմանյուել Մակրոնին:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է ուղերձում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության», - Մակրոնին գրել է Սարգսյանը, - «Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը»:
«Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն», - ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: