Հասանովի պնդմամբ՝ նաև ռուսական զենքի շնորհիվ է «Ադրբեջանը հաջողության հասել ապրիլյան պատերազմում»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում, արխիվ

Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն մատակարարելու պայմանագիրն արդեն իրականացվել է 90 տոկոսով: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ընդգծելով, թե «նաև այդ զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել անցած տարվա ապրիլյան պատերազմում»:

Տարիներ առաջ կողմերը զենք-զինամթերքի մատակարարման ոլորտում խոշորածավալ պայմանագիր էին կնքել, որով Մոսկվան պարտավորվել էր Ադրբեջան ուղարկել Т-90 տիպի 100 տանկ, 100 ԲՄՊ-3 զրահամեքենա, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու «Մստա-Ս» կայանքներ: «Ժամանակակից այդ զենքերը վաղուց Ադրբեջանում են և բարեհաջող կիրառվում են», - նշել է Հասանովը, պաշտպանության նախարարի պաշտոնում՝ 4 տարիներին առաջին անգամ հարցազրույց տալով օտարերկրյա լրատվամիջոցի՝ ռուսական գործակալությանը:

Ծավալուն զրույցում ադրբեջանցի նախարարը նաև պնդել է, թե Բաքուն հակահրթիռային զենք ունի, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված ռուսական «Իսկանդեր»-ը»: «Ես՝ որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակազդեցության համակարգ, մենք կարող ենք կործանել այդ հրթիռները: Մենք նույնպես ունենք հրթիռներ՝ 50 անգամ ավելի շատ: Ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում իմ ասած խոսքերի համար», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով՝ այդ հրթիռներն Ադրբեջանը ձեռք է բերել ոչ Ռուսաստանում, որակով, սակայն, դրանք ռուսականից վատը չեն:

Հասանովը նշել է, որ Բաքուն հետաքրքրված է և ուզում է Ռուսաստանից զենքերի նոր խմբաքանակ ձեռք բերել, սակայն հրաժարվել է մանրամասնել՝ ինչպիսի և որքան: Փոխարենը փաստել է՝ շփման գծում իրավիճակը գնալով լարվում է, բանակցություններն արդյունք չեն տալիս, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար:

«Վերջին տարիներին ռազմական գործողությունների գոտում իրավիճակը գնալով սրվում է, պատճառը մեկն է՝ ադրբեջանական հողերի օկուպացիան, քանի դեռ երկու հակառակորդ բանակներ կանգնած են իրար դիմաց, թեժացումն անխուսափելի է», - ասել է Զաքիր Հասանովը:

«Կարծում եք՝ ղարաբաղյան խնդիրը լուծվելու է ռազմակա՞ն ճանապարհով», - ռուս լրագրողի հարցին ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. - «Ես քաղաքական գործիչ չեմ, իմ երկիրը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն դա չի նշանակում, որ բանակցությունները պետք է անվերջ լինեն, իսկ դրանք արդեն շատ են ձգձգվել: Բանակցությունները հանուն բանակցությունների որևէ մեկի պետք չեն, բացի այդ, նայեք ձեր շուրջը՝ միջազգային օրենքներն արդեն չեն աշխատում, բոլորը իրենց հույսը դնում են ուժի վրա, և, բնականաբար, մենք պետք է արձագանքենք դրան»: