Փաստաբանն ահազանգում է՝ քրեական տարրերի ներգրավմամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում

Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ահազանգում է՝ «Սաֆարյանի նկատմամբ կրկին սկսել են կիրառվել դեռևս Սովետական Միության ժամանակաշրջանում լայնորեն կիրառվող միջոցներ, որոնց էությունը քրեական տարրերի ներգրավմամբ անձանց նկատմամբ հաշվեհարդարն է, որը կատարվում և կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործուն օժանդակությամբ՝ անտեսելով կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը»։ Այս մասին Եգորյանը երեկ գրել էր իր Ֆեյսբուքի էջում։

Փաստաբանը «Ազատության»-ը պատմեց, որ օրեր առաջ փոխգնդապետ Ղազարյանի կողմից զեկուցագիր էր գրվել, որ իբր Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին, դատարանին, և այդ զեկուցագրի հիման վրա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գևորգ Սաֆարյանին տասը օրով պատժախուց էին տեղափոխել։

Եգորյանի խոսքով՝ տասնօրյա ժամկետի ավարտին Սաֆարյանին իր հին խուց տանելու փոխարեն առաջարկել են տեղափոխել գխավոր մասնաշենք, որտեղ, ինչպես փաստաբանն ասաց, հիմնականում պահվում են քրեական աշխարհի ներկայացուցիչներ։

«Հին խուցը, որը գտնվում է 6-րդ մասնաշենքում՝ դա առանձնացված մասնաշենք է, հիմնականում հայտնի է որպես, այսպես ասեմ, քաղաքական գործերով անձանց պահման վայր, որտեղ հնարավորինս նրանք մեկուսացված են մյուս կոնտինգենտից՝ քրեական տարրերից, քրեական աշխարհի ներկայացուցիչներից», - ասաց փաստաբանը։

Եգորյանը նշեց, որ դեռ 2016 թվականի հունվարին Գևորգ Սաֆարյանը կոնկրետ հաշվեհարդարի է ենթարկվել, գործը հասել է ֆիզիկական բռնության, նա այդ կապակցությամբ նույնիսկ հացադուլ է հայտարարել։

«Խոսքն այն մասին էր, որ այդ աշխարհի տարբեր ներկայացուցիչներ սպառնում էին հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ, և այդ հաշվեհարդարը, ըստ հնարավորության, իրականացնում էին այն պատճառով, որ Գևորգն իր հրապարակային, հասարակական, քաղաքական գործունեության շրջանակներում մասնավորապես արտահայտվել է տարբեր հնչեղ գործերով դատավարությունների կապակցությամբ և պահանջներով է հանդես եկել՝ արդյունավետ քննության և հանցագործների առավել խիստ պատժելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ «Հարսնաքարի» գործով և այլն։ Այս կապակցությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներն ասել են՝ «դու արտահայտություններ ես արել, որոնք որ մեր կողմից պատժելի են», և մարդիկ իրագործել են այդ սպառնալիքները։ Այդ կապակցությամբ հենց որոշում էր կայացվել՝ ահագին աղմուկից հետո, միջամտություններից հետո նրան տեղափոխել էին այնպիսի մասնաշենք, որտեղ հնարավոր կլիներ նրա մեկուսացումն ապահովել», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Հիմա այսօր վարչակազմը նորից դիմում է հին մեթոդներին, և նրան առաջարկել են տեղափոխվել հիմնական մասնաշենք, որը հենց այդ տարրերով հագեցած մասնաշենք է, ինչից նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ «ձեզ քաջ հայտնի է, որ իմ կյանքին, առողջությանը վտանգ է սպառնալու»։ Համապատասխան աշխատակիցները, խորհրդակցելուց հետո, բնականաբար, ղեկավարության հետ, հայտնել են՝ «մեր օրինական պահանջը չկատարելու համար քեզ կրկին տասը օրով պատժախուց ենք տեղափոխում», և հիմա Գևորգը նորից գտնվում է պատժախցում»։

Փաստաբանը մտահոգություն ունի, որ պատժախցում գտնվելու պրոցեսն անընդհատ երկարաձգվելու է, որը չի ապահովելու Գևորգ Սաֆարյանի անվտանգությունը։

«Ըստ Գևորգի, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս այդ նույն պատժախուց կարող են իջեցնել այդ համապատասխան տարրերին, իբր իրենց ևս պատիժ տալու շրջանակներում, և այդտեղ այդ խնդիրները կարող են տեղի ունենալ», - ասաց Եգորյանը։

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են միջնորդությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ «Որովհետև ոնց հասկանում եմ՝ ներպետական ատյաններում առանձնապես հույս փայփայել հնարավոր չի լինի», - ասաց Եգորյանը։

Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Նույն գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․