Ֆիրդուսի փողոցի բնակիչները դեմ են տարածքի օտարմանը

Ֆիրդուսի անունով հայտնի տոնավաճառի աշխատողներն ու տեղի բնակիչներն այսօր Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ վեճի էին բռնվել, ասում էին՝ համաձայն չեն, որ տարածքը օտարվի։

Տարիներ շարունակ այստեղ աշխատող առևտրականները պահանջում էին, որպեսզի իրենց այլ տոնավաճառ տեղափոխվելու համար գոնե մի քանի ամիս ժամանակ տրամադրեն։ Իսկ բնակիչներն ասում են, թե առաջարկվող գներին համաձայն չեն։

«Թող մեզ ոչ մի տեղ չառաջարկեն: Թողեն մեզ հանգիստ․․․ Արդեն սա ինֆարկտ են ստանում, էսքան ստրեսի մեջ ապրել կը՞լնի․․․ Էս քսան տարի ա համբերել եք, վեց ամիս էլ համբերեք: Սրանով մարդիկ իրանց տունն ու ընտանիք են պահում, էրեխա են մեծացնում: Թող ոչ մեկ՝ լրագրող կըլնի, ով կըլնի, թող էս շուկան բոմժանոց չհամարի, աղբանոց չհամարի», - ասաց նրանցից մեկը:

Առևտրականների խոսքով, օրեր առաջ ոստիկանները գիշերով փորձել են իրենց տաղավարները տարածքից հեռացնել ու միայն իրենց բարձրացրած աղմուկից հետո են հեռացել։

Ֆիրդուսցիները անձամբ Տարոն Մարգարյանին են դիմել․ - «Մենք օրենքով դիմում ենք տվել: Պատասխան չկա: Գալիս են․․․ նախալնի ձևով փակում են, որ հետո մենք խեղճանանք, գան երկրորդ էտապը մեր տներն ա․․․ Երեք օր առաջ քսան միլիցիոներներ էկել են գիշերը 11-ին, ուզում են պալատկեքը պոկեն: Խուլիգանություն չի՞․․․ Եթե մաքուր մարդ են, թող ցերեկով գան, մեզ էլ ասեն՝ էս էլ օրդերն ա, ինչն ա»:

Ֆիրդուսցիների բողոքին նաև տոնավաճառում առևտուր անողներն էին միանում։ Ասում էին, որ չեն ցանկանում, որ շուկան փակվի։

Կառավարության որոշմամբ, տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007-ին։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանի խոսքով, այն պետք է իրացվի քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։

Գևորգյանն ասաց, որ իրենք շուկայի աշխատակիցներին բազմիցս առաջարկել են արտոնյալ պայմաններով այլ տոնավաճառ տեղափոխվել․ - «Բոլորին կոնկրետ ասվել է, նախապես տեղեկացվել է․․․ Մենք ասում ենք՝ էդտեղ շինարարություն պիտի կատարվի: Մենք, մեր լիազորությունների շրջանակում, աջակցել ենք, աջակցում ենք ու կշարունակենք աջակցել էդ մարդկանց, որ տեղափոխվեն այլ տեղեր՝ որոշակի արտոնյալ պայմաններով իրենց գործունեությունը շարունակելու: Մնացածը՝ թե ով ում հետ ինչ պայմանավորվածություն․․․ դա մերը չի արդեն: Մեր դաշտից դուրս ա»: