Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի սահմանագոտու մարտական դիրքերից մեկը

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին:

«Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների: Նախագահը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն և ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է և նրանց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանում է հանգիստ ապրել, աշխատել և զարգացնել մեր հայրենիքը», - ասված է հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է Իջևանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգևոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը:

Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միտինգից և հանդիսավոր երթից հետո նախագահը շրջայց է կատարել զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ: