Մոսկվայի մարզի զինվորական դատարանը այսօր հրապարակած դատավճռով 20 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվող Զաուր Դադաևին:
«Նշանակել Դադաևին պատիժ խիստ ռեժիմի գաղութում ազատազրկման ձևով և 100 հազար ռուբլի տուգանք», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:
Դատարանը նաև Դադաևին զրկել է լեյտենանտի կոչումից ու Արիության շքանշանից:
Դատախազությունը ցմահ ազատազրկում էր պահանջում գործով գլխավոր ամբաստանյալի համար:
Դատարանի այսօրվա դատավճռով Նեմցովի սպանությանը հանցակցության մեջ մեղադրվող Անզոր Գումաշևը դատապարտվել է 19, նրա եղբայր Շադիդը՝ 16, Թեմիրլան Էսկերխանովը՝ 14, Խամզաթ Բախաևը՝ 11 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նրանց նկատմամբ ևս նշանակվել է 100-հազարական ռուբլի տուգանք:
Պաշտպանական կողմը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Մեղադրող կողմը հայտարարել է, թե բավարարված է վճռով, սակայն չի բացառում, որ այն կբողոքարկի Դադաևի ազատազրկման ժամկետի մասով:
Քննությունը համարում է, որ դատապարտյալները հանցագործության սոսկ կատարողներն են, իսկ պատվիրատուն «Սևեր» գումարտակի նախկին սպա Ռուսլան Մուխուդինովն է, ով լքել է Ռուսաստանը և այժմ միջազգային հետախուզման մեջ է:
Նեմցովի ընտանիքը նույնպես պնդում է հանցագործության կազմակերպչին և պատվիրատուին պատժելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի պարսպին հարող կամրջի վրա: