Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել ադրբեջանական բանտում պահվող ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարության հերթական նիստը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեղադրող կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել մեղադրական ճառը պատրաստելու համար: Մյուս դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում ՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Շուրջ մեկ ամիս անց բելառուսական իշխանությունները, բավարարելով Ադրբեջանի պահանջը, բլոգերին հանձնել են Բաքվին:
40-ամյա Լապշինը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու, երկրի տարածքային ամբողջականության մասին օրենսդրությունը խախտելու՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ: Լապշինը 2011 և 2012 թվականներին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և սոցիալական ցանցերում երկու անգամ կոչ է արել՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Եթե Բաքվի դատարանը Լապշինին մեղավոր ճանաչի, նրան Ադրբեջանում մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում: