Նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում էին՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային և հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ այսօր ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը: Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ:
Վերջում Մնացականյանը պատասխանել է Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն է՛լ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավորություններին ու արդյունավետությանը, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: