Եթե Մոսկվայում չցանկանան, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը կվտանգվի. Նավասարդյան

.

Եթե Մոսկվայում ինչ-ինչ պատճառներով չցանկանան, որ Հայաստանը նոյեմբերին ստորագրի Եվրամիության հետ նոր համաձայնագիրը, իրոք համաձայնագիրը վտանգի տակ է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, ընդդիմադիրները Հայաստանում Եվրամիության դեսպանի և իշխող Հանրապետականի միջև ծավալված սուր բանավեճից ու փոխադարձ քննադատություններից հետո մտահոգություն էին հայտնում, որ որևէ պատրվակով Հայաստանի իշխանությունները կարող են հրաժարվել այս աշնանը Եվրամիության հետ քաղաքական համաձայնագրի ստորագրումից:

Ասուլիսներից մեկի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատեց խորհրդարանական ընտրությունները, ինչին հետևեց իշխանության կոշտ արձագանքը, թե «Հայաստանը ինքնիշխան երկիր է, և դեսպանն իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին»։ Սվիտալսկին, չբացելով փակագծերը, հակադարձեց՝ «Հայաստանի ինքնիշխանության հետ կապված վտանգները պետք է փնտրել այլ տեղ»։

«Այո՛, մտահոգությունները, մտավախությունները հիմքեր ունեն, և հիմնական պատճառը ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ դա Ռուսաստանի դիրքորոշումն է այս համաձայնագրի ստորագրման հետ կապված, մանավանդ որ հենց համաձայնագրում նշված է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունում գերադաս դեր ունի մեր այլ գործընկերների հետ համագործակցության առումով։ Այսինքն՝ մենք արդեն ընդունել ենք, որ մեզ համար մեր եվրասիական՝ պրո-ռուսական դիրքորոշումն առաջնային է», - ասաց Նավասարդյանը՝ շարունակելով. - «Բայց ամեն դեպքում մի փոքր ավելի դրական վիճակ է մեզ մոտ, քան 2013-ին, որովհետև համաձայնագիրը նախաստորագրած է, դա նշանակում է, որ կարող է ժամանակի հետ ձգձգում լինել, այսինքն՝ միանգամից չմերժվել բանակցված փաստաթուղթը, այլ ուղղակի որոշ չափով հետաձգվի, մինչև ստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, իսկ այդ բարենպաստ պայմանները պայմանավորված կարող են լինել Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների հետ»։

Նշենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը։ Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարն, ըստ էության, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող Ասոցացման համաձայնագրի կնքումից։

Սակայն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այս տարվա փետրվարին համաձայնության եկան նոր քաղաքական համաձայնագրի շուրջ, որի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին։