«Սասնա ծռեր»-ի գործով նիստին փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին

«Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստի ժամանակ այսօր փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ Գաբրիելյանը չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքի։

«Դուք պաշտպանական կողմին մեղադրում եք դատական նիստերն անհարգի միջամտելու կամ ձգձգելու մեջ, սակայն, դա նախագահող դատավորն է կատարում, և երբ որ իմ կոլեգաները հայտարարություն էին կատարում, Դուք բորբոքվեցիք և մի ժամ ընդմիջում հայտարարեցիք։ Այդ ընդմիջում հայտարարելու իմաստը պաշտպանական կողմը չի տեսնում և պաշտպանական կողմի մոտ կարծիք է ձևավորվում, որ նախագահող դատավորը չի ցանկանում, որ դատական նիստերը շարունակվեն», - ասաց Ղարագյոզյանը։

Փաստաբանը դատավորին հիշեցրեց վարքագծի կանոնները. - «Դատավորը պետք է լինի համբերատար և պետք է ցուցաբերի զսպվածություն, այս դեպքում Դուք պարբերաբար հունից դուրս եք գալիս, Ձեր ձայնը բարձրացնում եք, և սա հիմք է տալիս, որ, հարգելի դատարան, Դուք իրապես չեք կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքեք և պետք է այլ դատավոր գա, քանի որ Դուք չեք կարող իրականացնել արդարադատություն։ Միանում եմ ինքնաբացարկի միջնորդությանը և Ձեզ հայտնում եմ ինքնաբացարկ», - հայտարարեց Ղարագյոզյանը։

Դատարանը մեկուկես ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ։

Մանրամասներն՝ ավելի ուշ