«Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանը, այսօր «Ազատության» տաղավարում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց՝ Սարի թաղի դեպքերով հարուցված գործի շրջանակներում իր կարգավիճակը դեռևս չի կարելի որակել որպես «լիովին ազատ»:
«Ամեն անգամ երկրից դուրս գալիս պետք է դիմեմ, որ այսքան ժամանակով բացակայելու եմ, և իրենք պետք է պատասխանեն, քանի որ դա գրավով ազատ արձակվելու բավարարման պայմաններից է: Հարցաքննության չեն կանչել, ես եկել եմ և տեղեկացրել եմ, որ Հայաստանում եմ»:
Սանասարյանը, ով վերջին շրջանում ԱՄՆ-ում ուսանում էր Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում, կարծիք հայտնեց, որ իրեն չխանգարեցին մեկնել Միացյալ Նահանգներ «զուտ այն հաշվարկով, որ ես Հայաստանում չեմ լինի և իրենց չեմ խանգարի»: Նրա խոսքով, այդ հարցերի հետ կապված որոշումների կայացումն իրականում քննիչների տիրույթում չէ, այլ «Բաղրամյան 26-ի»:
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ շարունակում է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ առաջիկայում առավել ակտիվ կլինի «հասարակական գործունեության մեջ»: