Եվրամիությունը պաշտոնապես վավերացրեց Ուկրաինայի հետ ասոցիացման համաձայնագիրը

Եվրոպական խորհուրդն այսօր հայտարարել է, որ Եվրամիության 28 երկրների կողմից փաստաթղթի վավերացման գործընթացն ավարտվել է և համաձայնությունն ուժի մեջ կմտնի առաջիկա սեպտեմբերի 1-ին:

Բրյուսելի հետ հարաբերությունները պաշտոնապես խորացնելու մասին այս փաստաթուղթը պետք է ստորագրվեր դեռ 2013 թվականի նոյեմբերին, ինչը սակայն տեղի չունեցավ: Չորս տարի առաջ Մոսկվայի ճնշման արդյունքում Ուկրաինայի նախորդ կառավարությունը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը, ինչը երկրում հանգեցրեց բողոքի զանգվածային ցույցերի՝ ստիպելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրաժարական տալ:

Նոր նախագահը՝ Պետրո Պորոշենկոն, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից հայտարարում է եվրոպական ինտեգրացիան ամրապնդելու և այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու մասին: Երկրում ծավալված դրամատիկ իրադարձությունները՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, արևելյան շրջաններում ռուս անջատականների հետ ռազմական գործողությունները էլ ավելի վճռական դարձրեցին ուկրաինական իշխանություններին Եվրոպայի հետ մերձեցումը շարունակելու հարցում:

Պորոշենկոն 2014 թվականին ի վերջո ստորագրեց Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, սակայն այն չէր վավերացվել, քանի որ 2016 թվականի ապրիլին դրան դեմ է արտահայտվել Նիդերլանդներում պարտադիր ուժ չունեցող հարցման մասնակիցների 61 տոկոսը:

Ամիսներ անց հոլանդացիները հավանություն տվեցին համաձայնությանը, պայմանով, որ այն Ուկրաինային չի ընձեռի մեխանիկորեն Եվրամիության անդամ համարվելու կամ Եվրամիությունից ռազմական օգնություն ակնկալելու իրավունք:

Ասոցիացման համաձայնագիրը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Ուկրաինային մի շարք արտոնություններ է ընձեռում՝ մասնավորապես՝ եվրոպական երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտուր, դեպի եվրոպական երկրներ առանց մուտքի վիզայի ճամփորդելու հնարավորություն, ինչն արդեն անցյալ ամսվանից գործում է: Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն տրվեց առավելագույնը 90 օրով մտնել շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու:

Պաշտոնական Կիևը փորձում է Արևմուտքի հետ համագործակցությունը պաշտոնապես ամրագրել նաև անվտանգության ոլորտում: Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարեց, թե ՆԱՏՕ-ն համաձայնել է վերադառնալ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործողությունների պլանի քննարկմանը, որը մինչ այդ Կիևին չէր հաջողվում ստանալ:

«Ուկրաինան հստակ որոշել է իր քաղաքական ապագան՝ ապագան նաև անվտանգության ոլորտում», - երեկ հայտարարում է նախագահ Պորոշենկոն:

Մոսկվայի հետ առճակատման հարցում Արևմուտքից օգնություն ակնկալող Կիևը անցյալ ամիս վերականգնեց ՆԱՏՕ-ին անդամակցության մասին օրենսդրությունը, որը նույնպես չեղարկվել էր Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք: