«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ միջնորդավճարը և ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) քաղաքացիներից գանձելը հակասում է մի շարք օրենքների. - «Պետական տուրքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման: Պետք է մեխանիզմ պարզապես գտնել, և դա շատ պարզ պետք է լինի․ էն գումարի չափը, որը օպերատորը որպես ԱԱՀ վճարում է, դա պարզապես պետք է նվազեցվի իր կողմից վճարվող հարկերից, քանի որ սա պետտուրք է»:
Հիշեցնենք, օգոստոսի 1-ից կարմիր գծերով առանձնացված հատվածներում կայանող վարորդները մեկ ժամի համար 100-ի փոխարեն կվճարեն 149, իսկ մեկ օրվա 500-ի փոխարեն՝ 748 դրամ: Ավելացվող գումարի կեսը միջնորդավճար է, մյուս կեսը՝ ԱԱՀ։ Խոսքը միայն SMS հաղորդագրությամբ վճարելու մասին է։
«Մենք կարծում ենք, որ պետք է բանակցություններ սկսվեն բջջային օպերատորների հետ, և եթե ավելի ցածր միջնորդավճար չի ֆիքսվում, ապա ինչ-որ պահից մենք պետք է վստահ լինենք, որ բոլոր տեղերում տերմինալներ տեղադրված են և հրաժարվենք ընդհանրապես այդ բջջային ծառայությունից», - նշեց Խաժակյանը:
Քաղաքային իշխանության համար, սակայն, ընդունելի չեն ընդդիմության առաջարկությունները։
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ընդհանրապես անհասկանալի է համարում «Ելք»-ի՝ թանկացումը չեղարկելու վերաբերյալ հայտարարությունը․ - «Ինչ-որ բան պիտի ընդունած լինի, որ չեղարկի: Ասեք ինչը չեղարկենք՝ չեղարկենք»:
Նիկոյանը վստահեցնում է, որ քաղաքացիներից 50 տոկոսով ավելի գանձվող գումարից քաղաքային բյուջեն շահ չունի․ - «Ըստ բջջային օպերատորների, երբ որ դուք լիցքավորում եք ձեր հեռախոսը, ինքը արդեն ձեզնից ստանում ա էդ գումարը և ավելացված արժեքի հարկը վճարում ա: Հիմա ասում եք՝ իմ գումարը ուղարկի բյուջե: Ձեր գումարը արդեն ավելացված արժեքի հարկով իրա վրա նստած ա՝ եթե դուք արդեն իրան վճարել եք: Հիմա ինքը որպեսզի դա ուղարկի և ինքը չտուժի, ինքը իրա ավելացված արժեքի հարկը ուզում ա: Պարզ չի՞: Քաղաքը լրացուցիչ փո՞ղ ա ուզում աշխատի: Ո՛չ: Քաղաքին մի դրամ անգամ դրանից լրացուցիչ գումար չի գալիս: Կա՞ էդ գումարը, որ պիտի վճարվի օպերատորներին․․․ Եթե որևէ օպերատոր կասի, որ չկա, ես պատրաստ եմ ցանկացած բանավեճի՝ ապացուցեմ, որ այդ ամբողջ գումարները գնում ա նրանց»:
Բջջային օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ը այսօր հայտարարեց, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են, և որ իրենք որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Բջջային օպերատորները նախկինում ևս ծառայության դիմաց ստացել են միջնորդավճար, այդ գումարը, սակայն, նրանց փոխանցել է այն ժամանակ դեռևս մասնավոր, իսկ այժմ հանրային սեփականություն համարվող «Փարկինգ սիթի» ընկերությունը:
«Հիմա պետք է «Փարկինգ սիթի սերվիսի» եկամտից վճարվելու փոխարեն վճարվեն համայնքային բյուջեից, իսկ համայնքը դա դիտարկում է որպես անարդյունավետ ծախս ու էդ բեռը դնում է հասարակության, բնակիչների վրա: Սա է անընդունելի իրականում», - ասաց Խաժակյանը:
«Երևանի բյուջեից փոխհատուցենք մի ծառայության համար, որը պարտադիր կարող ա չլինել, որը մատուցում ա բջջային օպերատորը քաղաքացուն, Երևանի բյուջեն փոխհատուցում ա, և որը նախադեպ չունի ամբողջ աշխարհում: Նույնը կարաք գաք ասեք՝ էդ ո՞նց եք Երևանի բյուջեից դուք փոխհատուցում, դուք չե՞ք գտնում, որ դա ծախսերի փոշիացում ա», - հակադարձեց Նիկոյանը:
Փոխքաղաքապետի խոսքով, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն այն ժամանակ իր վրա էր վերցրել միջնորդավճարի գումարը, քանի որ կայանատեղերի համար վճարման այլընտրանք չի եղել։ Քաղաքապետարանի տվյալներով՝ կարմիր գծերով առանձնացված կայանատեղերի ավելի քան 90 տոկոսի մոտակայքում այժմ արդեն առկա են վճարային տերմինալներ։
«Հիմա ինչո՞ւմն ա դժգոհությունը: Թող SMS-ով չօգտվեն: Թող գնան օգտվեն տերմինալներից, ոնց որ ամբողջ աշխարհում ա դա ընդունված: Եվ զրո դրամ միջնորդավճար: Եվ ես իրոք գտնում եմ, որ SMS հաղորդագրության միջոցով վճարումը շատ թանկ ա», - հավելեց Նիկոյանը:
Տերմինալներից մուտքագրված գումարն անմիջապես է ուղղվում բյուջե, իսկ SMS-ի միջոցով տուրքն ու ծառայությունը չի տարբերակվում․ ըստ Նիկոյանի, հենց այդ պատճառով էլ քաղաքացիները այդ տարբերակով վճարում կատարելու համար նաև ավելացված արժեքի հարկ են վճարուլու։ Փոխքաղաքապետը չի բացառում, որ եթե հասարակական պահանջ լինի, կարող են ընդհանրապես հրաժարվել բջջային օպերատորների միջոցով «կարմիր գծերի» վճարման համակարգից։