Տիգրան Բալայան․ Բաքուն հավատարիմ է մնում իր սադրիչ գործելաոճին

Այսօր Բրյուսելում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղում հայ զինծառայողի սպանությունը պաշտոնական Երևանը սադրանք է որակում։

Երեկ երեկոյան ԼՂ պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ շփման գծում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա Վազգեն Պողոսյանը։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Բաքուն հավատարիմ է մնում իր սադրիչ գործելաոճին։ Սա կրկին ապացուցում է, որ պարզապես հայտարարությունները և հորդորները բավարար չեն»:

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային բախումներից հետո, որոնց ընթացքում զոհեր ու վիրավորներ եղան, արտգործնախարարների հանդիպմանը ակնկալվում է, որ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտությունը և շփման գծում արձանագրված վերջին լարվածությունը։

Տիգրան Բալայանը հայտնեց, որ հանդիպումը տեղի կունենա երեկոյան։ Այլ մանրամասներ նա չփոխանցեց։

էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հանդիպումից առաջ հայ զինծառայողի սպանությունը ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիպմանը կառուցողական չի լինելու, պահանջներ է ներկայացնելու․ - «Առաջին հերթին դա անհարգալից վերաբերմունք է միջնորդների նկատմամբ: Դրանով իրենք ասում են՝ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ձեր ջանքերը մեզ համար օրենք չեն․․․ Միտքս նրանում է կայանում, որ ես չեմ հավատում, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, որ Ադրբեջանը տրամադրված է փոխզիջումներով լուծել Ղարաբաղի հարցը: Չեմ հավատում, բայց, այո, թող հանդիպեն: Այնուամենայնիվ ցանկացած շանս պետք է փորձես օգտագործել»:

Գրիգորյանի կարծիքով, հանդիպմանը լուրջ քննարկում չի լինի, արտգործնախարարները սահմանային վերջին միջադեպերից կխոսեն։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կբարձրացնեն բանակցությունները վերականգնելու հարցը: Փորձագետը, սակայն, արդյունք չի ակնկալում․ - «Վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանը դնում է Հայաստանի առջև վերջնագրեր: Նրանք ասում են՝ պետք է տարածքները ազատել: Վերջ: Հետո կխոսենք: Դա է պատճառը, որ ես չեմ սպասում, որ մենք կգանք իրանց հետ ինչ-որ արդյունքի, նույնիսկ փոքր: Նույնիսկ չեմ հավատում, որ լարվածությունը կթուլանա: Բայց մասնակցությունը մենակ մի դեպքում իմաստ ուներ, ու ես համոզված եմ, որ իշխանությունները դա հաշվարկեցին․ եթե չես գնա հանդիպմանը, աշխարհը կասի՝ դու կոնստրուկտիվ չես»:

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, այսօր ղարաբաղյան հարցով լուրջ և արդյունավետ բանակցություններ է ակնկալում։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ասել է, որ հանդիպման գլխավոր թեման լինելու է բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և դրա՝ լուրջ և արդյունավետ եղանակով անցկացումը։

Արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ շփման գծում ադրբեջանական կրակոցից սպանված Վազգեն Պողոսյանին այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ասաց, որ կարծում են՝ զինծառայողի սպանությունը, այն էլ հանդիպումից առաջ, հանցագործություն է․ - «Նման հանդիպումների ժամանակ, կարծես թե, բանականությունը թելադրում է առողջ տրամաբանություն․ որ ավելի զուսպ լինեն, հայկական կողմին փորձեն մեղադրել ինչ-որ երևույթների մեջ։ Բայց հակառակն են անում․․․ Տրամաբանությունը նորմալ չէ․ չի կարելի փորձել բացատրել այդ հանցագործների քայլերը առողջ տրամաբանությամբ․․․»

Այդուհանդերձ, Բաբայանի խոսքով, ղարաբաղյան կողմն այս հանդիպումը կարևորում է, քանի որ այն խաղաղ բանակցային գործընթացի մի մասն է․ - «Կարևոր է ոչ միայն, որ կողմերը ունեն իրար հետ հանդիպելու և խոսելու մի հարթակ: Այլ նաև սա միջազգային հանրության տեսակետը հնչեցնելու կարևոր մի ձև է, որովհետև համանախագահող երկրները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, նրանք նաև հզորագույն պետությունների շարքին են դասվում: Կարևոր է նաև այդ տեսանկյունից, որպեսզի նրանք միջազգային հանրության տեսլականը կրկին անգամ շեշտեն, ներկայացնեն»:

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կրակոցներ եղել են, բայց միայն հրաձգային զինատեսակներից։