Պաշտոնական Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել կյանքի կոչելու Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականին ստորագրված «առևտրային միջանցքների» մասին պայմանագիրը, որով իրականացվելու է Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքների տեղաշարժը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, համաձայնությունը ձեռք է բերվել Պրագայում Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև բանակցությունների արդյունքում:
Կողմերը պայմանավորվել են պայմանագրեր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը զբաղվելու է կողմերի միջև բեռների և ապրանքների տեղաշարժի վերահսկողությամբ:
«Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մասին պայմանագիրը» կնքվել է 2011 թվականի նոյեմբերի 9-ին: Պայմանագիրը կնքվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության վարած բարդ բանակցությունների շրջանակում, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանեց Ռուսաստանի անդամակցության դեմ իր վետոն՝ պայմանով, որ Ռուսաստանի Վրաստան «առևտրային միջանցնքներ» կանցնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, որոնց նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն միջազգային միջնորդները: Պայմանագրի իրականացումը տարիներ շարունակ ձգձգվել է, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ: Սուխումին և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը «միջանցքներով», եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, մինչդեռ Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը:
Պատասխանելով «Կոմերսանտի» հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը հրաժարվել է համաձայնագրին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության գաղափարից, Վրաստանի ներկայացուցիչը՝ Զուրաբ Աբաշիձեն, դիվանագիտական պատասխան է տվել․ - «Իմ գործընկերոջ հետ մենք վերահաստատեցինք, որ 2011 թվականի պայմանագիրը կնքվել է երկու կողմերի՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, և երրորդ կողմ կարող է հանդիսանալ միայն Շվեյցարիան»: