Բրյուսելում այսօր տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում, արխիվ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չէին բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսին կհանդիպեն։

Հանդիպումից առաջ՝ երեկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հարավային Կովկասում անվտանգությունը շարունակում է վտանգված լինել՝ Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով:

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում զինադադարի համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը», - Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանն ասել էր Նալբանդյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, իր հերթին, արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի այս ելույթին, երեկ պնդել է, թե հակամարտության կարգավորման միակ ուղին «հայկական ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

«Հենց Հայաստանն է խուսափում կարգավորման շուրջ բովանդակալից բանակցություններից ու ՄԱԿ-ի հայտնի բանաձևերի իրագործումից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ադրբեջանական contact.az պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը պնդել է. - «Վիեննայում ոչինչ էլ չի ստորագրվի, այնպես որ, Մամեդյարովն իզուր է մեկնում»։

«Ադրբեջանի արտգործնախարարությունում չկա ղարաբաղյան խնդրով փոխհամաձայնեցված որոշում կայացնելու մշակույթ, նախարարից բացի որևէ մեկը չգիտի՝ ո՞ւմ հետ և ինչի՞ մասին է նա զրուցելու, նույնիսկ տեղակալներն են անտեղյակ, այս գաղտնիությունը պետք է վերացվի», - ասել է Զուլֆուղարովը՝ հավելելով. - «Հակամարտությունը ոչ թե նախարարների միջև է, այլ պետությունների, և պայմանավորվածությունների իրագործման փուլում, որին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ, ճշմարտությունը միևնույնն է, ջրի երես է դուրս գալու»։