Կիբերանվտանգության հարցում ռուս-ամերիկյան գործարք չի լինի

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում, Համբուրգ, 7-ը հուլիսի, 2017թ.

Կուսակիցների բուռն քննադատությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը վերանայել է ավելի վաղ արած իր հայտարարությունը:

Հուլիսի 9-ին Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել է, թե Համբուրգում «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում ինքը քննարկել է կիբերանվտանգության հարցով համատեղ թիմ ստեղծելու և հաքերային գրոհներն ու ընտրական գործընթացներին միջամտությունը կանխելու հնարավորությունը:

Սակայն ընդամենը մեկ օր անց, թերևս հաշվի առնելով հանրապետական կուսակիցների հնչեցրած սուր քննադատությունը՝ Թրամփը հետ է կանգնել այդ գաղափարից: Իր նախաձեռնությունը վերանայելու մասին Թրամփը նույնպես «Թվիթերով» է հայտնել:

«Այն փաստը, որ նախագահ Պուտինը և ես քննարկել ենք կիբերանվտանգության միավոր ստեղծելու հարցը, դեռ չի նշանակում, որ դա կարող է իրականացվել, բայց հրադադարը կարող է և իրականացվել է »,- գրել է Թրամփը, ակնարկելով երկու գերտերությունների համատեղ ջանքերով Սիրիայի հարավ-արևմուտքում հրադարար հաստատելու հանգամանքը:

Թրամփի և Պուտինի հանդիպումը Համբուրգի գագաթնաժողովի ամենասպասված իրադարձություններից մեկն էր: Մոլորակի քաղաքական վերնախավը համակ ուշադրությամբ հետևում էր երկու գերտերությունների ղեկավարների հանդիպմանը: Փորձագետներն առ այսօր մանրամասնորեն վերլուծում են, թե ինչպես նրանք հանդիպեցին, ինչպես մեկմեկու ձեռք սեղմեցին, քննում են նախագահների ժպիտները, հայացքներ, դեմքի արտահայտությունները:

Այդ ամենը արևմտյան մամուլում անվանում են «body language»՝ մարմնի լեզու, որը վերլուծաբաններին պետք է ընձեռի Թրամփի և Պուտինի տրամադրությունները հասկանալու և հետևություններ անելու հնարավորություն:

«Պուտինը և ես քննարկել ենք կիբերանվտանգության անխոցելի միավոր ստեղծելու հարցը, դա պետք է կասեցնի ընտրությունների շրջանում հաքերությունը և անցանկալի այլ երևույթներ»,- գրել է Թրամփն այդ թեմայով առաջին թվիթում:

Ամերիկյան հետախուզական կառույցները համոզված են, որ ռուսները՝ հենց Պուտինի նախաձեռնությամբ, 2016-ին միջամտել են ամերիկյան նախագահական ընտրություններին, նպատակ ունենալով վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին և նպաստել Թրամփի հաղթանակին: Պուտինը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: Այն մերժում է, իհարկե, նաև Թրամփի թիմը:

Հանրապետական քաղաքական գործիչները զայրացել էին հաքերությունը կանխելու հարցում ռուսների հետ համագործակցելու՝ Թրամփի առաջարկից: «Դա կյանքումս լսած ամենահիմար գաղափարը չէ, սակայն մոտ է այդպիսին լինելուն: Նախագահ Թրամփն իսկապես լավ ելույթ ունեցավ Լեհաստանում, բայց հետո անցկացրեց աղետալի հանդիպում նախագահ Պուտինի հետ՝ 2 ժամ 15 րոպե: Նախագահն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն պատրաստ են ներել ու մոռանալ, որ 2016 թվականին ամերիկյան ընտրությունները կիբերգրոհների են ենթարկել»,- ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Սենատորն ասել է նաև, թե Պուտինի և Թրամփի համբուրգյան հանդիպումից հետո ինքն էլ ավելի է համոզվել, որ անհրաժեշտ է առաջ տանել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը: Գրեհեմի խոսքով, Թրամփը լավ է աշխատում Աֆղանստանին, Հյուսիսային Կորեային և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերում, սակայն «երբ գործը հասնում է Ռուսաստանին, նա, կարծես, կուրանում է»: «Մոռանալ և ներել կիբերգրոհները, նշանակում է հզորացնել Պուտինին, Թրամփը հենց դա է անում»,- ասել է սենատորը:

Թրամփի հանրապետական քննադատների թվում է նաև հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն: «Իրականությունը և պրագմատիզմը պահանջում են, որ մենք համագործակցենք Պուտինի հետ, սակայն նա երբեք չի լինի վստահելի դաշնակից և հուսալի գործընկեր: Նրա հետ համատեղ աշխատել կիբերանվտանգության ոլորտում նույնն է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ դաշնակից դառնաս քիմիական զենքի դեմ պայքարում»,- «Թվիթերում» գրել է Ռուբիոն:

Նախագահին կշտամբել է նաև նրա վաղեմի քննադատ սենատոր Ջոն ՄըքՔեյնը: CBS հեռուստաընկերության ծրագրում անդրադառնալով ամերիկյան ընտրություններում ռուսների միջամտության հարցին, ՄըքՔեյնն ասել է. «Պուտինը ոչ մի անգամ չի պատժվել, ջրից չոր է դուրս եկել, երբ տառացիորեն փորձել է փոխել մեր ընտրությունների արդյունքը»:

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն ասել է, որ Թրամփն ինքն է Համբուրգում արծարծել ռուսների միջամտության թեման: Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բնականաբար, պնդել են, որ Մոսկվան ամերիկյան ընտրություններին չի միջամտել և ապացույցներ են պահանջել: Ապա, ըստ պետքարտուղարի, Թրամփը զրույցի ընթացքում ևս մեկ անգամ խոսել է դրա մասին, և ռուսները ևս մեկ անգամ հերքել են միջամտության հնարավորությունը:

Փորձագետների համոզմամբ, ռուսների միջամտության թեման ձեռնտու չէ ո՛չ Թրամփի և ո՛չ էլ Պուտինի վարչակազմին: Նույնիսկ եթե ամերիկյան հետախուզական կառույցներն են պնդում, որ ռուսները փորձել են նպաստել Թրամփի հաղթանակին, ինքը՝ Թրամփը դա պարզապես չի կարող ընդունել, քանի որ այն կասկածի տակ կդնի իր հաղթանակն ու ընտրության իրավակարգությունը:

Պուտինն էլ չի կարող խոստովանել, որ Մոսկվան միջամտել է ամերիկյան ընտրություններին, քանի որ նախ՝ ամերիկացիներն անպայման այս կամ այն եղանակով վրեժ կլուծեն դրա համար, բացի այդ՝ նման խոստովանությունն էլ ավելի կսրի Մոսկվայի հարաբերությունները եվրոպական այն երկրների հետ, որոնցում վաղուց ահազանգում են իրենց ընտրություններին ռուսների միջամտության փորձերի մասին:

Թրամփին քննադատել է նաև Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին տնօրեն Ջոն Բրենանը: «Կարծում եմ՝ երբ գործը հասնում է պարոն Պուտինին, Թրամփը լավ բանակցողի որակներ չի դրսևորում: Ուրախ եմ, որ նա հանդիպել է Պուտինին, բայց հանդիպելիս ասել է, որ դա մեծ պատիվ է: Պատի՞վ: Պատի՞վ է՝ հանդիպել մեկին, ով հարձակման է ենթարկել մեր ընտրությունները: Ըստ իս, դա ասելն անպատվաբեր է»,- հայտարարել է Բրենանը: