«Հաց բերողի» մահվանից 4 ամիս անց Գլխավոր դատախազը հայտարարում է, թե Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել և նաև դա էր պատճառը, որ նա կրկին կալանավորվեց:
Հիշեցնենք, «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակվեց, սակայն մոտ մեկ ամիս անց կրկին կալանավորվեց: Երկարատև հացադուլից հետո պատգամավորների երաշխավորմամբ կրկին ազատ արձակված «Հաց բերողը» 10 օր անց մահացավ:
«Գործով տվյալներ էին ստացվել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով հաղորդում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին:
Թե ինչ նոր հանցագործություն պետք է կատարեր բազմաթիվ հիվանդություններով տառապող Արթուր Սարգսյանը, Գլխավոր դատախազն այդպես էլ չմանրամասնեց, միայն շեշտեց , որ հանցագործություն կատարելու բարձր հավանականությունից բացի Սարգսյանը կրկին կալանավորվել էր, քանի որ պատշաճ ծանուցված լինելով հանդերձ՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Բացի այդ, ըստ Գլխավոր դատախազի, վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ Արթուր Սարգսյանի ունեցած հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ:
«Առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն Արթուր Սարգսյանը տառապում էր համապատասխան հիվանդություններով, բայց այդ հիվանդությունները ամբողջապես չէին համապատասխանում Կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը», - մանրամասնեց Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազն այսօր խորհրդարանի ամբիոնից հորդորում էր չշահարկել Արթուր Սարգսյանի մահը, փորձելով ցույց տալ, թե նրա մահը կապ չունի կալանքի տակ գտնվելու հանգամանքի հետ: Արթուր Դավթյանը նշեց, թե չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, քանի որ մահվան հանգամանքով քրեական գործ է հարուցված, այնուամենայնիվ շեշտեց, թե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո 5 օր շարունակ « Հաց բերողը» գտնվել է մասնագիտացված հիվանդանոցում․ - «Հինգերորդ օրը առանց բժշկի թույլտվության դուրս է եկել հիվանդանոցից, դրանից հետո բացարձակապես այլ հիվանդությամբ, որը նրա կալանքի ընտրության հետ ոչ մի կապ չուներ, ուղղակի ցուցումով ենթարկվել է վիրահատության: Շարունակությունը մենք կունենանք հարուցված քրեական գործի արդյունքներով»:
Հակադարձելով Գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ բազմաթիվ անբուժելի հիվանդություններով հանդերձ կալանքի տակ պահելով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ պարզապես հաշվեհարդար են տեսել:
«Որովհետև այս մարդը դուրս էր եկել, որոշակի սիմվոլիկ դերակատարություն էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որը շատ լայն արձագանք էր գտել, մարդիկ գնում էին նրան տեսնելու, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի՝ զուգահեռ հերոս լինի․ այս Հայաստանի Հանրապետությունում հերոս մենակ պետք է Սերժ Սարգսյանը լինի»:
Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց նաև կալանավորված մի շարք գործիչների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Պավել Մանուկյանի և մյուսների տեսակցությունների վրա դրված արգելանքի հարցը: Փաշինյանը շեշտեց, թե մի տարի է՝ այդ մարդկանց արգելում են կալանավայրում հանդիպել իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին, այդ կերպ նույնպես հաշվեհարդար տեսնելով նրանց նկատմամբ: Մեջբերելով դատախազի խոսքերը, թե՝ տեսակցության հնարավորության պայմաններում մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա, Փաշինյանը հարցրեց․ - «Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռո՞ւմբ փոխանցել: Ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելք դնելը հաշվեհարդար է, խոշտանգում»:
Փաշինյանը խոսեց նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու խնդրի մասին: Նշենք, որ չնայած «Ելք» Խմբակցության պատգամավորների երաշխավորությանը, թե նա չի թաքնվի նախաքննությունից, դատախազությունը հրաժարվել է ազատ արձակել ընդդիմադիր գործչին:
«9 պատգամավորի ասածը Ձեզ համար երաշխիք չէ, բա ո՞ւմ ասածն է երաշխիք», - հարցրեց Փաշինյանը: - «Որովհետև Դուք օրենքով չեք առաջնորդվում, Դուք ամենօր՝ առավոտ, իրիկուն, Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել», - հավելեց «Ելք»-ի ներկայացուցիչը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ իր հերթին հակադարձելով՝ ափսոսանք հայտնեց, որ իրենից պահանջում են բացահայտել և խիստ պատժել հանցագործ պաշտոնյային և լրագրողի գործունեությանը խոչընդոտած իրավապահներին, բայց ոչ ոք իրենից չպահանջեց ապահովել ՊՊԾ գունդը գրված «Սասնա ծռերի» արդարացի պատիժը: - «Ոչ ոք չպահանջեց ապահովել 3 բացարձակ անմեղ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող, ծառայության վայրում ոստիկաններին սպանողների պատիժը: Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը», - ասաց Դավթյանը:
Հավելենք, որ ըստ Գլխավոր դատախազի, ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ 2016 թվականի հուլիսի 29-30 տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով լրագրողների գործունեությունը խոչընդոտած 8 քաղաքացի է դատապարտվել, որոնցից 4-ը կալանավորվել է, ապա դատարանի վճռով դատապարտվել ազատազրկման: Այդ նույն ժամանակահատվածում, ըստ Արթուր Դավթյանի, լրագրողների գործունեությունը խոչընդոտած ոստիկանության 4 աշխատակիցներ նույնպես դատապարտվել են, այդ թվում՝ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայության ավագ տեսուչ՝ կապիտան, նույն գնդի հատուկ գումարտակի երկու սերժանտներ, ոստիկանության զորքերի սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ: