Պուտինը հայտարարում է, որ աշխատանքային հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի գագաթնաժողովում, Համբուրգ, 8-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, թե աշխատանքային հարաբերություններ է հաստատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կարծում է՝ հիմքեր կան հավատալու, որ Վաշինգտոնի հետ առնվազն մասնակի համագործակցություն ձեռք կբերվի:

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Համբուրգում ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ իր պատկերացմամբ՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ Թրամփը ընդունել է իր հավաստիացումը ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի չմիջամտելու վերաբերյալ, սակայն ավելի լավ է այդ մասին հարցնել հենց Միացյալ Նահանգների նախագահին:

Պուտինն ասել է նաև, որ Թրամփն իրականում այլ անձնավորություն է, քան կարելի է պատկերացում կազմել հեռուստատեսությունից:

Հիշեցնենք, երեկ Համբուրգում տեղի ունեցավ երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր: