Մուխթարլիի գործը Եվրադատարանը կքննի արագացված կարգով

Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են դատարան, Բաքու, 16-ը հունիսի, 2017թ․

Վրաստանում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի արտահերթ կարգով: Այս մասին հայտարարել է Մուխթարլիի պաշտպան Արչիլ Չոպիկաշվիլին:

«Ստրասբուրգյան դատարանը այս գործին առաջնահերթություն է տվել, ինչը նշանակում է, որ կսկսի քննել արագացված կարգով», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է փաստաբանը:

Վրաստանում ապաստանած Մուխթարլին, ով հայտնի է Իլհամ Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական, ինչպես նաև Ադրբեջանի իշխող ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հետաքննական հոդվածներով, Թբիլիսիում առևանգվել է մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է և գտնվում է Բաքվի բանտում՝ սահմանը ապօրինի խախտելու, մաքսանենգության, ոստիկանին չենթարկվելու մեղադրանքներով:

Կալանավորված լրագրողի ընտանիքը պնդում է, որ նրան առևանգել են և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Մուխթարլիի հարազատները նաև վստահ են, որ առևանգմանն առնչություն ունեն վրացական իրավապահ մարմինները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ բանտում գտնվող Մուխթարլին առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա ադրբեջանցի պաշտպանը լրատվամիջոցին հայտնել է, որ բանտի ղեկավարությունը հրաժարվում է լրագրողին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: