ԱԺ ընտրություննեի ընթացքում մի շարք թվային անհամապատասխանություններ են արձանագրվել․ ԹԻ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը վստահ է՝ ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսի կիրառումը ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա։

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում ընտրողների ստորագրությունների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների թվերը չեն համապատասխանել՝ արձանագրում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով ուսումնասիրել է ԿԸՀ- ի հրապարակած հիշյալ թվերը, ասում է՝ սա խնդիր է, որը լուրջ կասկածների տեղիք է տալիս և կարող է վկայել ընտրախախտումների մասին։

«Այդպիսի 393 տեղամաս կա, որոնցում ստորագրությունների և վավեր ու անվավեր քվեաթերթիկների թվերը միմյանց չեն համապատասխանել: Ավելի շատ դա նկատելի է եղել Ալավերդու 24/35 տեղամասում՝ 16 դեպք, Առինջ գյուղում՝ 29/29 տեղամաս՝ 13 դեպք, Արագածոտնի Առուչ գյուղում՝ 11 դեպք»,- թվարկեց Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ 170 տեղամասերում էլ տարբերվել են էլեկտրոնային սարքերից տրված կտրոնների և ընտրողների ստորագրած ցուցակների թվերը։ Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետը նշում է՝ այդպիսի տարբերություններ իրականում չպետք է լինեն, մինչդեռ, ԿԸՀ-ն դա որակում է որպես անճշտություն ու պնդում, որ ընտրության արդյունքների վրա դրանք ազդեցություն ունենալ չէին կարող։ «Մենք պետք է ոչ թե մոտենանք այն կանխավարկածով, թե չեն ազդի արդյունքի վրա, խնդիրը դա չէ, այլ այն, որ այդ երևույթը պետք է ինչ-որ կերպ պատժվի․ եթե կա տարբերություն, որեմն պետք է կատարվի հետաքննություն»,- ԿԸՀ-ին հակադարձում է Հոկտանյանը:

Նրա դիտարկմամբ, հենց ընտրությունների օրը մի «տարօրինակ երևույթ» էլ է նկատվել: Երբ հանձնաժողովը 3 ժամը մեկ ամփոփում էր մասնակցության ցուցանիշները, կենտրոնի մասնագետներն այդ ընթացքում հաշվարկներ են կատարել ու եկել այն եզրահանգման, որ 181 տեղամասերում ընտրողները ռեկորդային արագությամբ են քվեարկել ու դուրս եկել։

Հոկտանյանը բացատրում է՝ ըստ ընդունված միջազգային փորձի՝ մեկ ընտրողի քվեարկության համար պահանջվող նվազագույն ժամանակը 50 վայրկյան է, մինչդեռ՝ այդ տեղամասերում մեկ ընտրողին սպասարկել են անգամ 36-38 վայրկյանում․ «Սա կարող է լինել այն բանի հետևանքը, որ կամ՝ բացահայտ կերպով լցոնել են քվեատուփը, կամ էլ մեկ այլ տարբերակ՝ հանձնաժողովի համապատասխան անդամները ստորագրում են, որից հետո, արդեն քվեների հաշվարկի ժամանակ, համապատասխան թվով քվեաթերթիկներ են ավելացվում»:

Հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը սպասելիքներ չունի, որ իրավապահ մարմինները կարձագանքեն իրենց զեկույցում տեղ գտած բացահայտումներին։ Ասում է՝ ընտրակեղծարարությունը համակարգային բնույթ է կրում։ Ըստ Հոկտանյանի, սակայն, բացահայտված տվյալները կարող էին լրացուցիչ փաստարկ դառնալ այն ընդդիմադիր կուսակցությունների ձեռքին, որոնք ցանկանում էին վիճարկել արդյունքները։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի ծրագրերի ղեկավարը վստահ է՝ ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսի կիրառումը ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա։

Այս հարցերի շուրջ «Ազատությունը» զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Վերջինս նշեց, որ ընտրողների քվեարկության արագության հետ կապված հարցը բարձրացվել է նաև Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների վիճարկման ժամանակ։

«ՍԴ-ում դիմումի քննության ժամանակ վկայակոչվեց այդ հանգամանքը: Այդ ժամանակ անգամ մեր կողմից հարց բարձրացվեց՝ դրա մեթոդաբանության հետ կապված, իրականացման եղանակի հետ կապված և այլն: Համենայն դեպս՝ այնտեղ էլ որևէ պատասխան չտրվեց: Եվ ընդհանրապես, այդ հաշվարկն, ինքնին, անհասկանալի մեթոդաբանությամբ է արված, և դրանից ինչ-որ միանշանակ դատողություն անելն ուղղակիորեն անհնար է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում գրանցված թվային անճշտություններին, այդ առնչությամբ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դրանք մեկնաբանելու համար նախ պետք է ծանոթանա «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի ներկայացրած տվյալներին: