Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Բահրեյնը սպառնում են նոր պատժամիջոցներ սահմանել Կատարի նկատմամբ այն բանից հետո, երբ պաշտոնական Դոհան հրաժարվեց կատարել առաջ քաշված 13 պահանջները, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ: Այս մասին ասվում է չորս արաբական երկրների համատեղ հայտարարության մեջ:
Պարսից ծոցի արաբական այդ երկրները Կատարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին սատարելու և շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ, իսկ իրենց վերջնագրին Դոհայի բացասական պատասխանը համարում են կասկածների հաստատում: Այժմ այդ պետությունները մտադիր են քաղաքական, տնտեսական և իրավական նոր միջոցներ ձեռնարկել Կատարի դեմ: Դեռևս հստակեցվում, թե կոնկրետ ինչ սահմանափակումների մասին է խոսքը:
Հունիսի սկզբներին արաբական աշխարհի 7 պետություններ հայտարարեցին, թե սառեցնում են դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ պնդելով, որ նավթով ու գազով հարուստ այդ երկիրը աջակցում է ահաբեկիչներին ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Պաշտոնական Դոհան ի պատասխան հայտարարել է, որ իր դեմ ստի և շինծու մեղադրանքների արշավ է սկսվել՝ Պարսից ծոցի արաբական երկրները «խնամակալության տակ դնելու» նպատակով: