Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ վաղը Համբուրգում նախատեսված հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վարշավայում ունեցած իր ելույթում Մոսկվային հասցեագրված մի քանի քննադատական հայտարարություն է արել։
Թեև Թրամփն ասել է, թե հավանական է համարում ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, բայց և վերապահում է արել՝ միջամտել կարող էին նաև այլ երկրներ, «հստակ ոչ ոք չի կարող ասել»։ «Հավանական եմ համարում, որ Ռուսաստանը միջամտել է։ Կարծում եմ՝ շատերն են միջամտում։ Դա տեղի է ունենում արդեն երկար ժամանակ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: Նա նաև անգործության մեջ է մեղադրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային՝ նշելով․ «Օբամային դրա մասին հայտնել են դեռևս 2016-ին, նա շատ ժամանակ ուներ, սակայն ոչինչ չի արել, որովհետև համոզված էր, որ միևնույն է՝ ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը»:
Ու թեև ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները քանիցս արձանագրել են, որ Թրամփը չի մերժում Ռուսաստանի կողմից միջամտության հնարավորությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հորդորել է «ուշադիր լսել Թրամփի խոսքերը»:
Լեհաստանի նախագահ Էնջեյ Դուդայի հետ այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ Մոսկվայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած հայտարարությունն անհամեմատ կոշտ է եղել: «Ռուսաստանի գործողություններն Արևելյան Եվրոպայում ապակայունացնող բույթ ունեն»,- ասել է Թրամփը, հավելելով՝ որպես այդ գործողությունների հակակշիռ, Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Լեհաստանում շուրջ հինգ հազար ամերիկացի զինվորականների ներկայությունը Թրամփը համարել է ռուսական «ապակայունացնող գործողությունները» զսպող գործոններից մեկը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների» մասին Թրամփի հիշյալ հայտարարությունը, ասել է՝ «Կրմելն այդ մոտեցեմը չի կիսում»: Մինչ համբուրգյան հանդիպումը Թրամփը Մոսկվային կոչ է արել վերջ տալ «Ուկրաինայում իր ապակայունացնող գործողություններին», ինչպես նաև դադարեցնել աջակցությունը Սիրայի և Իրանի «թշնամական ռեժիմներին»:
Չնայած այս հայտարարություններին, ռուս փորձագետներից ոմանք կարծում են, որ Մոսկվան և Վաշինգտոնն այսօր էլ կարող են արդյունավետ կերպով համագործակցել միջազգային ահաբեկչության և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի դեմ պայքարում, ինչը հնարավորություն կտա փոքր-ինչ թոթափել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը։
ԱՄՆ նախագահն այսօր Վարշավայից մեկնում է Համբուրգ, որտեղ մասնակցելու է Մեծ քսանյակի (G20) երկօրյա գագաթնաժողովին: Դրա շրջանակներում վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: